Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիշտերը մոռնալու համար չէր, որ լողաց գինիի մեջ։ Մ՛ի կործաներ ինքզինքներդ, քիչ քիչ խմեցե՛ք և միշտ խմեցե՛ք։ Երբ վաթսուն տարեկան լինիք պիտի այրե՛ք, զոր կը պաշտեք այսօր։ Ակռա չունեցող ծեքերն ընկուզի համար կըսեն. «Ուտվելու պտուղ չէ, բնավ չեմ ախորժիր այդ պտուղեն և կը զարմանամ, թե ինչպե՜ս կուտեն ոմանք»։ Մի՛ նմանիք այս ծեքերուն, խնայեցե՛ք ձեր կուրծքին և ձեր քսակին։

Ձեր թեթևացուցիչ պարագաները շատ թեթև են:


ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ԵՂԱՆԱԿ

Ձ Ո Ն

Ա ռ

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՍ

Ձեց կը նվիրեմ սույն հոդվածս, ո՛ ազգային երեսփոխանք, և հուսով եմ, թե սիրով պիտի բարեհաճիք ընդունիլ զայն, որովհետև տպագրության ծախքն ես պիտի հոգամ:

Կը խնդրեմ միայն, որ ուշադրությամբ ընթեռնուք զայն և աշխատիք օգուտ քաղել հօգուտ այն խնդրոց, որ ձեզ կը ներկայանան լուծվելու համար կամ չլուծվելու համար:

Մտիկ ըրեք ուրեմն.

Ազգային ժողովո մեջ հաճախ տեղի ունեցած անհաճո ակնարկություններն դժվարամարս ճառերն, զորս տյարք երեսփոխանք կը փոխանակեն իրարու հետ՝ մասնավոր խորհրդածությանս առարկա ընելով, սա եզրակացության հասա, թե երեսփոխան մը յուր կարծիքն հայտնելու համար նախ նկատողության կառնե դրամական վիճակն այն երեսփոխանին, որուն պիտի պատասխանե և հետո անոր դրամական վիճակին հարմար եղանակ մը կը գտնե յուր կարծիքն հայտնելու։

Օրինակ մը տամ եթե չեք ձանձրանար:

Անծանոթ երեսփոխանն ես եմ։

Ենթադրենք թե տեր երեսփոխան մոր հարյուր հազար ոսկի ունի հատենի Ընդհանուր ժողովո կը պնդե օր մը, թե շաքարը սև է։

— Այո՜, կը պատասխանեմ, մանավանդ թե շատ սև է, մինչդեռ տգետներն այն հավատքն ունին, թե ճերմակ է։

Երեսփոխան մոր իննսուն հազար ոսկի ունի, շաքարին սևությունը կը փաստաբանե նույնպես։

Կը պատասխանեմ։