Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպի վայրն, ուր ավանակներ կը վարձվին ջուրերը երթալու համար։

Ճամբան կը հանդիպեր իշապաններուն, որոց յուրաքանչյուրն յուր իշուն բարեմասնությունները թվելով կը հրավիրեին զինքն իրեն իշուն տալ նախապատվությունը։

— Իմ էշս աղեկ կը քալե։

— Իմինս շուտ կերթա։

— Իմինիս վրա կրնաս խահվե խմել։

Կիրակոս աղան քննելե հետո էշերն, կատարեց ընտրությունն։ նախ ընտրելյաց ցուցակ մը շինեց և այդ ցուցակին մեջ միույն տվավ քվեն։

Եվ հեծավ Կիրակոս աղան իշուն վրա մախաղն ալ առջևն առնելով։

Ավանակն սկսավ քայլել ոտանավորի մը պես։

Կիրակոս աղան ասպետական կերպարանք մը զգեցավ, կարծես իշխանական աթոռի մը վրա բազմած էր։

Եվ ահա էշն հանկարծ կը խըտչի, կը վախնա, ետ յետ կերթա։

Հրեշտա՞կ տեսավ։

Ո՛չ, ահագին դուռնյուռով բեռնավորված և ճերմակ հագած խոշոր տիկին մոր ընկուզենիի մը տակ ընկույզ կը ժողվեր ծռած։

Իզուր կը ջանար Կիրակոս աղան շարունակել տալ ճամբան յուր ավանակին։ Այնքան ավելի կը վախնար ավանակն, որքան տիկնոջ դռանյուռը կը տեսներ։ Կիրակոս աղան պզտիկություն կը համարեր վար իջնալ, կուզեր հնազանդեցնել ավանակն։ Ավանակն յուր վերջնական որոշումն տված էր. մեկ մը աջ, մեկ մը ահյակ, մեկ մը առաջ, մեկ մը ետ և Կիրակոս աղան գետինը ձգած էր մախաղովն հանդերձ, ու անշարժ կեցած կարեկից նայվածքով մը կը դիտեր Կիրակոս աղան։

Որոտընդոստ քրքիչ մարձակեց տիկինն...

— Ի՞նչ ալ թռաֆ ինկավ, հա, հա, հա...

— Ոտքերը վեր տնկվեցան, պատասխանեց իրեն քովը գտնվող կին մը։

— Վայ, ոտքս... ոտքս... աս էր գոված էշդ, ավանա՜կ, պոռաց իշպանին Կիրակոս աղան կանգնել աշխատելով։

— էշն ի՞նչ հանցանք ունի։

— Ո՞վ ունի հանցանք հապա։

— Մեկեն ու մեկ տեսնաս նե դուն ալ կը վախնաս։

— Ի՞նչ տեսնամ նե։