Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիվանդություն կը պատճառեն ու անդիի աշխարհ կը տանին մարդը։

Այսչափն բավ է անցյալին համար, դառնանք քիչ մալ ապագային, թեև ներկան թող չտար մեզ ապագային վրա խորհիլ։

Հայտնի է, թե կրակապաշտության ժամանակ այսչափ հրդեհ չէր պատահեր, որովհետև երկրպագություն կընեինք կրակին, կը շոյեինք զինքն և ան ալ հաշտ աչոք կը նայեր մեզի. իսկ հիմա ի՞նչ կընենք... իմացա՞նք թե կրակ կա... կսկսինք փախչիլ առանց մեր ետևն նայելու և թույլ կուտանք կրակին, որ ճարակի մեր շենքերուն մեջ մինչև որ կշտանա:

Երկրորդ դարու հույն երգիծաբան մը մեր նախնյաց համար գրած է. «Թշնամին չտեսած կը փախչեին»։

Ցավ է ինձ տեսնել, թե մեր նախնյաց թոռներն երբեմն երբեմն կուզեն ճշմարտության գույն տալ այդ զրպարտության։

Արդարև, եթե, Աստված մի՛ արասցե։ Քում քաբուի կողմերը կրակի պես բան մը տեսնվի, Ենի քաբուցին կսկսի փախչիլ ու սամաթիացին կսկսի սնտուկները կապել։ Այժմ եթե չենք շոյեր կրակն, գեթ կռվինք անոր դեմ։ Մեկդի թողլով բացառիկ պարագաներն՝ եթե մեր ույժը մեր սրունգներուն վրա կեդրոնացած չլլար՝ կրակն չէր կարող այսչափ անգթաբար կողոպտել զմեզ։ Թաթավլայի թաղն՝ ուր հաճախ հրդեհ կը պատահի, որպես կըսեր մեզ փորձառու ազգային մը. միշտ սենյակ մը միայն կամ առ առավելն տուն մը միայն կայրի, որովհետև ամբողջ թաղեցին, արք և կանայք, ծերք և տղայք, ջուրով, քաքով, փատով, աղյուսներով, գորգերով, և այլն կը վազեն պատերազմելու կրակին դեմ և փրկելու իրենց բնակարանն և ոչ թե հարդյա բազմոցներն, աթոռներն, վարագույրներն ու ապակիները։ Եվ այս իսկ է պատճառ, որ ընդհանրապես կրակն հայոց տուներուն մեջ որկրամոլ է։

Ջուր չէր, որ կը պակսեր վերջին հրդեհի ժամանակ, մարդ կը պակսեր, որպես կը հաստատեն, ջուրը կրակի վրա թափելու համար։

Ջուր, ջուր, ջուր... լավ, բայց եթե պակսի նախաձեռնություն, թաղեցվոց միահաղույն ջանքն և համերաշխություն, ջուրն ալ թաղեցվոց հետը կը փախչի և թաղին մեջ ոչ ոք կը մնա բացի կրակեն։

Տարակույս չկա, թե հրկիզելոց ցավն ու կսկիծն ավելցնելու. համար չէ, որ կը գրենք այս տողերն, այլ միանգամ ընդ միշտ հայտնելու համար մերազնեից, թե փախչելով կարելի չէ ճողոպրիլ հրդեհի հարվածներեն։