Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր և այսօր նախանձս գրգռելու վիճակին մեջ չէր․ ընդունեցի հրավերն և տունը գնացի։ Դուռը բացվելուն պես հասկցա, թե հարստության փլատակներու վրա կը գտնվիմ։ Յոթանասուն տարեկան սպասավոր մը, որ վերջեն առած տեղեկությանցս համաձայն քսան տարվան ամսական պահանջք ունի յուր էֆենտիեն․ դուռը բանալով հարցուց.

— Ո՞վ կուզեք։

— էֆենտին տեսնել կուզեմ։

— Սպասեցեք քիչ մը, իմաց տամ։

— Շատ աղեկ։

Քանի մը վայրկենեն վար իջավ ու․

— Անունդ ի՞նչ է, հարցուց։

Տվի անունս։

Սպասավորը վեր ելավ։

Զիս պարտատեր կարծեցին, ըսի մեկուսի։

Սպասավորն իջավ ու,

— Վեր եկեք. ըսավ։

Ինչո՞ւ եկո՛ք և ոչ հրամմեցե՛ք։

Որովհետև ազնվականի մը տունը հրաժժեցե՛ք բայց չեն գործածեր։

— Հոս նստեցե՛ք քիչ մը, հրամայեց սպասավորը։

Նստեցանք։

— Ներս եկե՛ք։

— Գլխուս վրա։

Սենյակի մը դուռը բացավ սպասավորը ու ներս մտա։ Հին կարասիներով կահավորյալ հին սենյակ մէր․ երկու հատ փոշոտած հայելիներ ու քանի մը հատ մեծադիր պատկերներ կախված էին պատերեն։ Երկու հատ բազմոցներ, որոց ոտները կոտրած ու թավիշն պատոտած՝ դեմ առ դեմ դրված էին։ Գորգը ծախված էր կարծեմ։ Սեղանի նման բան մր չտեսա։ Աթոռներն կամ երկու կամ երեք էին։ էֆենտին գունատ խոքա մը հագած, ոտները հողաթափ՝ գլուխը սկուֆա մը դրած, բազմոցին վրա նստած էր ծունկ ծունկի վրա։ Գուլպա չուներ և վարտիքին բաչաներն մոռցած էր կապելու։

Ներս մտնելուս պես հարգանոք բարևեցի զինքն՝ գլուխս սովորականեն ավելի ծռելով։ էֆենտին չերերաց։ Դարձյալ գլուխս սովորական տեղը տարի։