Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հրամանքդ խմբագի՞րն ես Խիկարին:

— Եթե կը հաճիք։

— Շատ աղեկ, նստե՛։

— Շնորհակալ եմ։

Նստել ձևացուցի աթոռի մը վրա, որ խախուտ էր և նստելուս կսպասեր երկպառակելու համար։

Չուզեցի երկպառակության տեղի տալ։

— Հայրս, ըսավ, ազգին գրագիտական, խմբագրական և վարժապետական դասուն կօգներ միշտ, ես ալ հորս օրինակին հետևելով ուզեցի բարություն մընել այդ դասուն։

— Շնորհակալ եմ։

Սպասավորին ակնարկեց, որ խահվե բերե, սպասավորն ալ նշանացի հասկցուց, թե խահվե չունեին։

— ՈՒզեցի, հարեց, մատակարարել այդ դասուն այնպիսի կարևոր գրքեր, զորս ձեռք բերելու համար բազում դրամի պետք կա, և այդ դասն, որպես հայտնի է, շատ ստակ չունի։

— Կը փութամ կանխավ մատուցանել ձեզ իմ երախտագիտական այնքան խորին, որքան կը հաճիք զգացումներս, որովհետև մեծ բարիք մը պիտի գործեք։

— Ուստի հրամայեցի սպասավորիս, որ ազգին գրական մարդիկն հոս ճելպ ընե, որպեսզի հաղորդեմ իրենց իմ որոշումս։ Սիկարացու մը ծխախոտ ունի՞ս։

Դուն շինեիր, վասնզի ես վարժված չեմ շինելու, սպասավորները կը շինեն իմ սիկարաներս։

— Շատ աղեկ, շինեմ... գլխուս վրա... ահա շինեցի... հրամմեցե՛ք։

— Սա քիպրիթը տայիր։

— Առե՛ք։

— Վառե՛ քիպրիթը։

— Վառեմ։

— Մարե՛։

— Մարեմ։

— Սա թապլային մեջ դիր։

— Դնեմ։

— Ի՞նչ կ՝ըսես, ասանկ որոշում մը գրական մարդոց պատվաբեր չէ՞։