Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե էֆենտին բնավ տեղեկություն չունի եղեր այդ վիճակահանութենեն և թե սպասավորն, այն անիծյալն, էֆենտիեն գաղտնի ձեռնարկած է եղեր այդ գործին։

Այս երկու ամիսներու մեջ սակայն ստուգեցի, թե սեղանավորութենե և վաճառականութենե արտաքո քանի մը գործեր ներկայացած են այդ էֆենտիին, և այդ էֆենտին մերժեր է և այսօր երկու հազարի չափ տոմսակ տպել տվեր է հետևյալ պարունակությամբ.

Մեծապատիվ... էֆենտի,

Շատ նեղն եմ, կը խնդրեմ, որ անպատճառ... ոսկի ղրկես ինձ:

Կ. Պոլիս 188...․․ Մնամ հարգանոք

Ցրվիչ մալ բռներ է, որու ձեռամբ հարուստ ազգայնոց կը ցրվե եղեր այդ տոմսակներեն... լրագիր ցրվելու պես։

Ի՞նչ կըսեք, բարեկամներ, խոհարարութենեն ավելի պատվավո՞ր է այս վիճակը։

էֆենտին այս վիճակին մեջ յուր ազնվականությունն անխախտ պահել կը կարծե և հասկցած չէ տակավին, թե քաղաքավարության համար է, որ բարեկամներն կը քաշվին ճշմարտությունն իրեն հայտնելու։


ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

— Աս ի՞նչ եղեր ես, բարեկամ, հիվա՞նդ էիր։

— Ո՛չ, տկարություն մունիմ։

— Ինքզինքդ դարմանել չտա՞ս։

— Բժշկի մը գացի, ըսավ թե հիվանդություն մը չունիս, աղեկ գինի գտիր ու կերակուր կերած ժամանակդ քանի մը բաժակ խմե՛։ Համով հոտով սեղանի գինի մը չկրցի գտնել։

— Ղալաթիա, Քուրշունլու խանը գիտե՞ս։

— Գիտեմ։

— Հոն կ՝երթաս։

— Երթամ։

— 23 թիվ մաղազան կը մտնես։

— Աղեկ։

— Կըսես, որ ինձի տամիճանա մը լեցուր էտիրնեի գինիեն։

— Ըսեմ։

— Ան ալ կը լցնե։

— Կը լեցնե հարկավ։