Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ան տեղը էտիրնեի պատվական լեզու ալ կա։

— Ի՞նչ կըսես։

— Պատվական լեզու։

— Ղալաթիա, քարշուելու խան, թիվ 23 մաղազա՞ն, էտիրնեի լեզու։

— Այո՛, պատվական օղի ալ կը ծախե կոր։

— Օղի՞։

— Օղի և օղիին աղեկը։

— Ղալաթիա, Քուրշունլու խան, թիվ 23 մաղազան։

— Այո՛, Ղալաթիա, Քուրշունլու խան թիվ 23 մաղազան։

Ղալաթիա, Քուրշունլու խան, թիվ 23 մաղազան։ Հազար անգամ կրկնելու հարկ չկա։ Այսուամենայնիվ մարդիկ կան, որ համոզելու համար կրկնությանց կը դիմեն միշտ։ Եվ այս մարդիկ ընդհանրապես լրագրաց մեջ ծանուցում տվողներն են, որ միևնույն ծանուցումն հազար անգամ կը կրկնեն։


ԱԿԱՄԱ ԳՅՈԻՂԱՑԻՆ

Եփրեմ աղա չկրցավ տակավին դառնալ գյուղեն, ուր գնացած էր ամառն անցունելու համար։

Ընդհանրապես անոնք կ՝երթան գյուղ, որ գյուղ երթալու կարողություն ունին, կամ անոնք, որ գյուղ երթալու կարողություն չունին։

Առաջինները կ՝երթան պարզապես զվարճանալու համար, իսկ երկրորդները կերթան քիչ մը մաքուր օդ ծծելու համար, եթե ոսկի չունինք, գոնե քիչ մը մաքուր օդ ունենանք ըսելով։ Առաջիններն ալ իրավունք ունին, երկրորդներն ալ, միայն թե առաջինները կրնան ամենայն դյուրությամբ դառնալ գյուղեն, մինչդեռ երկրորդները մեծ դժվարությամբ կը հաջողին, եթե երբեք հաջողին դառնալ իրենց տունը, ապա թե ոչ կ՝ստիպվին գյուղացի ըլլալ, այսինքն միշտ մաքուր օդ ծծել։

Գյուղ երթալը շատ դյուրին է, գործը անկից դառնալու վրա է։ Եփրեմ աղա կանխավ եթե համոզված ըլլար այս ճշմարտության՝ ցարդ կրնար յուր ընտանիքովն իջնել գյուղեն, առանց կրելու այն դժվարություններն, որոց ներքև կը մաշի այսօր։

Ամեն գյուղ գնացողն նախ և առաջ պարտի գիտնալ՝ թե պարտավոր է կողոպտվիլ տեղացիներեն այն գյուղին, որուն օղը ծծելու կը հանդգնի։ Ինչ որ գյուղացին կուտե երկու դահեկանի՝ հյուրը