Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուտե չորսի: Բացարձակ ճշմարտություն մէ այս: Չեմ ուտեր, պիտի ըսես։ Կը սխալիս, ուտելով պիտի ուտես, բռնի կը կերցնեն քեզի։ Ինչո՞ւ հեռուն երթանք, ահավասիկ կենդանի օրինակ մէ Եփրեմ աղան, որ Վոսփորի գյուղերեն մին գնացած է այս տարի օդափոխության համար։

Եփրեմ աղան յուր ընտանիքն տեղավորեցնելե հետո այն տան մեջ, զոր վարձած էր՝ դուրս կելնե ուտելիքի, խմելիքի, վառելիքի և այլն պատրաստություններ տեսնելու։

Նախ և առաջ կը մտնե նպարավաճառի մը խանութը։

— Ո՜ո՜ո, Եփրեմ աղա, բարի եկաք, այս տարի հոս եկեր եք, շատ աղեկ ըրեր եք, գյուղերնիս, շիտակը խոսելով, շատ աղեկ է, ուրիշ գյուղերու չնմանիր, Եփրեմ աղա, բան մը պետք է նե տանք։

— Այո՛, քիչ մը ձեթ, քիչ մը պանիր, բրինձ, սայաղի. բաթաթես, մաքարոնի, լուբիա, ձիթապտուղ:

— Շատ աղեկ, շատ աղեկ։

Նպարավաճառը կը պատրաստե նպարներն և սպասավորին հետ տուն կը ղրկե:

— Պարտքերնիս ինչ է։

— Թող մնա հիմա, թող մնա, պզտիկ բան մէ, գնա՛, քեյֆդ նայե՛։ Տունեն բան մը պետք ըլլա նե իմաց տան՝ կը ղրկեմ ես.

Եփրեմ աղան կուրախանա նպարավաճառեն ասանկ վարկ մը գտած ըլլալուն վրա և ինքնիրեն կըսե. ի՞նչ կրթյալ մարդիկ են այս գյուղին նպարավաճառները։

— Եփրեմ աղա, փայտ, ածուխ չպիտի՞ առնեք. կը հարցնե մեկը խանութին առջևը կայնած։

— Առնեմ պիտի։

— Ծո տղա, երկու չեքի փայտ, չորս պարկ ածուխ կշռե՜ ու ղրկե՛ Եփրեմ աղային տունը։

— Քանիե՞ն կուտաք կոր։

— Մի՛ վախնար, կռիվ չենք ըներ, Եփրեմ աղա:

— Չէ՛, այսինքն ստակ տամ։

— Մենք ստակ չենք առներ, բանդ գնա, կը պատասխանե վաճառողն, Եփրեմ աղային ուսը ծեծելով։

— Շատ լավ, շնորհակալ եմ, կ՝ըսե Եփրեմ աղան և դեպի մսավաճառն կ՝երթա։

— Ո՜ո՜, Եփրեմ աղա, քանի՞ օխա ղրկեմ։

— Չորս օխայի չափ պիտի առնեմ, քանիե՞ն կուտաք կոր: