Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բան մը չէ, կը համաձայնինք... բաներնիդ գացեք, ես տղուն հետ կը ղրկեմ։

Եփրեմ աղան զոհ Է այս դյուրություններեն։

Այս մարդիկը կը ճանչնայի՞ն Եփրեմ աղան։ Ամենևին ոչ. կարասյացը փոխադրության օրը, կամ տունը վարձած օրը գյուղացիները սորված են անոր անունը, մականունն և արվեստը։

Եփրեմ աղան դեռ առաջին օրը ճանչցված Է բոլոր գյուցացիներեն և այլևս չկրնար չորս քայլ առնել առանց պատասխանելու այն հարցմանց, որ այլ և այլ խանութներեն կուղղվին իրեն։

— Եփրեմ աղա, քանի մը օխա խաղող ղրկե՞մ տունը․

— Եփրեմ աղա, կոշիկներդ ներկել չե՞ս տար։

— Եփրեմ աղա, սա սթաքոզին չե՞ս գրվիր։

— Եփրեմ աղա, սա ձմերուկներեն քանի մը հատ ղրկե՞մ։

— Եփրեմ աղա, ընկուզներեն չառնե՞ս քիչ մը, տղայք կուտեն։

— Եփրեմ աղա, պատվական գինի ունիմ, պինլիք մր ղրկե՞մ տունը։

— Եփրեմ աղա, մեզմե առուտուր չե՞ս ըներ, քիչ մը խավյար տա՞մ։

— Եփրեմ աղա, տղաքներդ մեր դպրոցը չե՞ս ղրկեր:

— Եփրեմ աղա, միսը ուսկի՞ց կառնես կոր։

— Եփրեմ աղա, երկու սագ կա, բիանքոյի դրի, քեզի ալ գրեմ քանի մը թիվ:

— Եփրեմ աղա, ծխախոտն ինչո՞ւ ինձմե չես առներ:

— Եփրեմ աղա, երկու երեք զույգ պոթին ղրկե՞մ տունը տղայոց համար։

— Եփրեմ աղա, հիվանդ ըլլաս նե՝ ինձի պիտի կանչես ա՛։

— Եփրեմ աղա, ջուրն ինչո՞ւ ուրիշ տեղեն կառնես կոր։

— Եփրեմ աղա, ջղային տկարություն չունիս քիչ մը։

Եվ Եփրեմ աղան այս հարցմանց կը պատասխաներ ժպտելով, հավանության նշաններով և կը գներ գյուղին բոլոր խանութապաններեն միշտ ապագային վճարելու առավելությամբ։ Եվ երբ տուն դառնար կը հանդիմանվեր կնոջեն, որ թևերը բանալով կըսեր.

— Եփրեմ աղա, խենդեցա՞ր, ի՞նչ եղար, քառասուն օխա ֆասուլյան ե՞րբ պիտի ուտենք։

— Քառասուն օխա՞ մի։

— Եփրեմ աղան ղրկեց, ըսելով, կը բերեն ու կը բերեն, մինակ