Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ե՞րբ պիտի տեսնվինք, Եփրեմ աղա։

Եփրեմ աղան փոխառութեան կը դիմե և պարտուց կեսը կը վճարե։ Խանութպաններն վստահ են, թե իրենց առնելիքներն ամբողջապես պիտի առնեն, որովհետև Եփրեմ աղային նույնքան վարկ բացեր են, որքան կարժեն անոր կարասիքը։

Եփրեմ աղան չկրնար սակայն մնացած պարտքը վճարել և որոշում կուտա այս տարի գյուղը անցունել։

— Եփրեմ աղա, ե՞րբ պիտի իջնաք։

— Այս տարի հոս պիտի մնամ, օդը շատ աղեկ եկավ մեր տիկինին, վար իջնամ ի՞նչ ընեմ, խոնավ Է, նստելու տեղ չէ որ։

— Շատ աղեկ խորհեր եք, Եփրեմ աղա, իմին ալ գործս ներեր նե ես ալ չէի իջնար։

Տիկինը իջնալ կուզե:

— Եթե չպիտի կրնայիր իջնալ, ինչո՞ւ հոս բերիր ինձի, կը հարցնե ամեն գիշեր։

— Գե՞շ ըրի, կնիկ։

— Աղեկ ըրիր, բայց ձմեռն ի՞նչ ընեմ հոս միս մինակ պայգուշի պես:

— Տան մը կընենք։

— Ես կերթամ, դուն նստե՜։

Խանութպաններն ի ժողով կը հրավիրե Եփրեմ աղան, անոնց կարծիքն առնելու համար։ Խանութպաններն մեծամասնությամբ կորոշեն, որ Եփրեմ աղային համար շահավոր է գյուղը մնալ: Ուստի Եփրեմ աղան կստիպվի խանութպաններու որոշումը գործադրել և օդափոխություն ընել ձմեռն ալ։

Ով որ յուր քսակին որոշումը չգործադրեր, կստիպվի խանութպաններու որոշման համակերպիլ։

Բայց Եփրեմ աղան այժմ շաբաթը չորս անգամ Պոլիս կիջնա և երբ յուր բարեկամաց հանդիպի, կըսե անոնց։

— Կը զարմանամ կոր ձեր վրա, ինչպե՞ս կը նստիք կոր այս խոնավ տեղերը, ոյուղի օր՛են վարժվեց․․․ տե՝ այս կողմերը մութ կ՛երևան կոր ինձի։


ԳԻՆՈՎՈԻԹՅԱՆ ԱՄԻՍՆԵՐ

Սրբոց տոնախմբությունները սկսան։

Անոնք որ սուրբի մը մականունը կամ անունը կրելու բարեբաղդությունն ունին՝ տարին անգամ մավելի գինովնալու առավելությունն ունին։