Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԺԱԿԻ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈԻՆ

Ինչո՞ւ համար մարդս դառնության բաժակն մինչև ցմրուր քամե և քաղցրության բաժակին մեկ ութերորդը խմե։

Ինչո՞ւ համար դառնության բաժակը մինչև բերան լեցուն ներկայացվի մեզ և քաղցրության բաժակը մինչև կեսը լեցված։

Այս երկու հարցումներն ուղղած եմ ես ինձի ամեն անգամ, որ օշարակ հրամցուցած են ինձի տան մը մեջ, ուր իբրե հյուր գտնված եմ։

Այո՛, այս հարցումներն ըրած եմ ես ինձ ոչ թե որկրամոլության տեսակետով, այլ մարդկության՝ որ տառապանաց մեջ կը հեծեծե, մարդկության՝ որ հեծեծանաց մեջ կը տառապի, մարդկության՝ որ ցավոց օրրանի մեջ կօրորի, մարդկության որ դժբախտությանց խանձարուրքի մեջ կը փաթտվի՝ ցավերը մասամբ ամոքելու տեսակետով։

Բարձր դասու ընկերությանց մեջ, ինչպես հայտնի է, հիսուն տրամնոց բաժակով օշարակ կը հրամցնեն։ Բաժակը հազիվ քսան և հինգ տրամ կը պարունակե։ Բաժակը պարպելը քաղաքավարության դեմ է։ Ի՞նչ ընելու է հապա։ Շուրթերդ քիչ մը թրջելու է, ան ալ ծանր կերպով, եթե շուտ մը թրջես՝ անքաղաքավարություն է և բաժակը տիրոջը հանձնելու է, այնպես ցույց տալով, թե շատ լեցուցած են բաժակն և դուն չես կրցած ամբողջր խմել։

Այս մասին մեծ մրցում կա բարձր դասու մեջ։ Տուներ կան, ուր օշարակի բաժակներն լի են երկու մատի բարձրությամբ։ Եվ այն տունն՝ որու բաժակին մեջ շատ տեղատվություն[1] կա՝ տուներուն մեջ ամենեն շատ ազնվականն կըլլա։

Այս մրցումն եթե շարունակվի՝ քիչ ժամանակեն մեր առջևը մեյ մեկ պարապ բաժակ պիտի բերեն և պիտի ըսեն.

— Հրամմեցե՛ք, նայինք պիտի հավնի՞ք մեր օշարակին։

Մենք ալ բաժակը պիտի առնենք, մեր շրթանց պիտի դպցնենք և պիտի ըսենք.

— Շատ համով եղեր է։

— Ինչո՞ւ քիչ հրամմեցիք, չհավնեցա՛ք։

— Կը ներեք, շատ իսկ խմեցի։

— Մեր էֆենտին չհավնիր, շաքարը քիչ դրեր եք, կըսե։

Փոխանակ այսպես վարվելու, պետք է մատնոցի մեծությամբ գավաթներ շինել տալ և անոնցմով հրամցնել օշարակ։

  1. Շարժումն ջուրերուն, որ ետ կը դառնան և կերթան հոն ուստից վազած են։