Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընելեն ետքը դարձյալ բարի երևնալու համար գիտե՞ս ինչ ընելու ես։

— Ի՞նչ։

— Խեղճ գործավորաց շաբաթականներեն կտրելով ստակ հավաքելու ես և այդ հավաքած ստակովդ շենք մը շինել տալու ես, վրան ալ շինեցավ արդյամը հափշտակության գրելու տեղ քու անունդ գրել տալու ես։

— Ես չեմ կրնար ընել ասանկ բաներ։

— Չես կրնար նե՝ ինձի հարուստ ըրե, ըսելով, ամեն օր գլուխս մի՛ ցավցուներ։

— Բայց ի՜նչպես կըլլա, որ ասանկ բաներ ընելով կարենամ բարերար մը գտնել։

— Ատ ալ կըսեմ, բայց կրնա՞ս ընել։

— Անգամ մը ըսե՛, նայիմ ի՞նչ է։

— Ամենը մեկ օրվան մեջ չըլլար ա՛, օր մ՝ալ ան կըսեմ, քիչ մը համբերե՛։

Մեր ընթերցողներն այս օրերս Թատրոնն ձեռքերնին առնելնուն պես, էն առաջ սա Հարուստ ըլլալու միջոցները կարդանք, կ՝ըսեն կոր։ Իրավունք ունին, ինչու որ ներկա դրամական տագնապին մեջ, ուր մարդս երկու ղուրուշ վաստկելու համար երկու հարյուր մարդոց կը դիմե, հարուստ ըլլալու վրայոք գրված հոդված մը նույն ընդունելությունը կը գտնե, ինչ ընդունելություն որ կը գտնե շաբաթներով, ամիսներով անապատներու մեջ թափառող մարդոց քով ջուր գտնելու միջոցներու վրա գրված հոդված մը։ Խոսինք ուրեմն։

Բարեկամք, հարուստ ըլլալու միջոցներեն մեկն ալ խարդախությունն է, եթե պզտիկ խարդախ ըլլաս՝ պզտիկ հարուստ կլլաս, եթե մեծ խարդախ ըլլաս՝ մեծ հարուստ կըլլաս։ Պզտիկ խարդախության վրա մեծ հարստություն դիզելը թելի վրա հիմնված քարուկիր շենքերու կը նմանի, քանի մը օր վերջը կը փլին։ Եթե մեծ հարուստ ըլլալ կուզեք, ո՜վ աշխատավորք և գործավորք, ձեր վերատեսուչին հետևեցե՜ք, անիկա փորձառությամբ հաստատած է մեր այս ըսածին ճշմարտությունը։

Երանի՜ անոնց, որ մեծ խարդախ են, զի նոցա է արքայություն երկրի՜ս՜․՜․՜

— Ի՞նչ խարդախություն ընենք։