Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց ոչ, եթե քիչ մը խորեն իմաստասիրենք բաժակը՝ անմիջապես կը համոզվինք, թե ազնվականությունը կը կայանա շատ տվող երևալու և բան մը չտալու մեջ։ Եվ այսպես երևալու պատճառավ է, որ կես մատ օշարակը քեզի, տալեն ետքը դեմդ չեն սպասեր, որ բաժակն առնեն, այլ կերթան, որ առանց քաշվելու կամաց կամաց խմես, որպես թե օխա մը օշարակ պիտի խմեիր։ Մեկ ու կես տրամ օշարակ պիտի խմես, և մինչև որ խմես զայն՝ տանտերերը կսկսին իրարու հետևե․

— Մի՛ աճապարեր, կամաց կամաց խմե։

— Ոտքի վրա չենք սպասեր կոր ա՛, կամաց խմե, որ ծուռ չերթա։

— Քովդ մնա, քիչ քիչ խմե՛։

— Մեզի հալածող չկա յա... անուշ ըլլա... ֆերահ, ֆերահ խմե։

Ոչ, ոչ, տյարք իմ և տիկնայք պատվականք և ազնվականք, մի՛ հետևիք ամեն եկամուտ թեթևությանց, ընտրողական եղեք։

Մինչև բերանը լեցուցեր ձեր օշարակի բաժակներն և թույլ տվեք հյուրերուն՝ մինչև հատակը խմել զանոնք։

Այս ազնվականությունը խնայողություն կանվանեմ ես, վստահ ըլլալով ձեր ներողամտության։


ՔԻՉ ՄԱԼ ԱՆՈՒՇԵՂԵՆ

Նոր տարի և Ծնունդ կը մոտենան։

Ամեն մարդ կը պատրաստվի անուշ ուտելու:

Ամեն տուն առավել կամ նվազ իրարանցում կա անուշի համար։

Չկա կնիկ մ՝որ էրիկը դուրս ելնալեն ետքը, գլուխը պատուհանեն դուրս չերկնցնե և չպոռա.

— Շաքարը չմոռնաս... նայե որ կանաչ ըլլա աղաճ քավունին, վրան խորդ ու բորդ չըլլա։

— Շատ աղեկ։

— Չմոռնաս, հա՛։

— Չեմ մոռնար։

Միայն հագուստի մասին չէ, որ կանայք կը մրցին իրարու հետ, անուշեղենի մեջ ալ զիրար գերազանցել կուզեն և զիրար գերազանցելու փափագով անանկ անուշ կեփեն, որ կամ քար կը կտրի, կամ ջուր և հետո կարդարանան ըսելով.

— Կրակը շատ եկավ։