Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շաքարը քիչ եկավ։

— Շատ խայնաթմիշ ըրինք։

— Չէ, քա, քիչ խայնամիշ եղավ։

— Աղաճ քավունին աղեկ չէր։

— Չևիրմե ընելու էինք։

Անոնք թո՛ղ արդարանան, մենք ի՞նչ ընենք, որ ժամերով կաշխատինք կտոր մը անուշ քաղելու համար անուշի քյասեեն: Ապառաժի պես կարծր չևիրմե մը կը հրամցնեն քեզի և արծաթյա դյարաթեք գդալ մալ կուտան ձեռքդ, որ անուշ ուտես։

— Հրամմեցե՛ք։

Հրամմե ու կեր նայիմ։

Բահ և բրիչ չկա, որ քյասեն փորես, հերկես և քիչ մը բան հնձես, զգալով երկիր կը մշակվի՞։ Կաշխատիս, քյասեն ասդին կը դարձնես, անդին կը դարձնես, դգալն անդին կը տանիս, ասդին կը բերես, կը նեղանաս, կը քրտնիս և այս միջոցին տան տերն ալ կը թախանձե, որ դգալդ լեցունես։

— Շատկեկ առեք, շատկեկ առեք, անուշնիս աղեկ է։

— Շատ աղեկ է։

Շողոքորթություն ալ ընելու է։

— Շատերը սուլու կընեն, խոյին աղեկ կըլլա, մենք միշտ խոյի կընենք։

— Շատ աղեկ կընեք։

— Սուլուն ալ ապուրի պես բան մը կըլլա կոր, մենք վարժված չենք ու չենք կրնար ուտել։ Թագուհի տուտուն որ առաջին կարգի անուշ կեփե, միշտ խոյի կը շինե։

Դուն տակավին կաշխատիս, որ քիչ մը բան փրցնես։

— Ինչո՞ւ համար չեք կրնար կոր առնել։

— Կառնեմ կոր, կառնեմ կոր, կամաց կամաց։

Դգալին մեկը կը ծռի, կը ձգես զայն, ուրիշ մը կառնես և կսկսիս փորել։

— Խոյի չե՞ք ախորժիր դուք։

— Կախորժիմ։

Վերջապես պարապ դգալը բերանդ տանելով կը բարեմաղթես։

— Շնորհավոր Ծնունդ և բարի Կաղանդ։

— Ողջ եղեք։

Անկիր կելնես, ուրիշ տուն մը կերթաս։

— Հրամմեցե՛ք, աղաճ քավունի է... լեցուցեք ձեր դգալը։