Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աս ալ բոլորովին ջուր է։ Ինչ որ է, տրամադրություն ունի գոնե դգալի մեջ մտնելու։ Դգալ մը կը լեցնես և վրադ կաթեցնելով կամ կեսը վրադ թափելով կեսն ալ բերանդ կը թափես։

— Վրա՞դ թափեցիր։

— Վնաս չունի։

— Շատերը խոյի կը շինեն կոր այս անուշը, մենք, ի՜նչ գիտնամ, վարժված չենք տե, կյուճերնիս կուգա անուշնիս խոյի ըլլա նե։

— Խոյին աղեկ չըլլար։

— Քաթիկ տուտուն՝ որ մեկ հատիկ անուշ շինող է, միշտ սուլու կեփե։ Անուշն ալ քիչ մը սուլու ըլլալու է, անանկ չէ՞ մի, ի՞նչ գիտնամ։

— Անանկ է, անանկ, տեր ողորմյա, ինչո՞ւ անանկ չըլլա, սուլուն աղեկ է։

Կը խնդրեմ, տիկիններ, այս տարի քիչ մուշադրությամբ եփեցեք ձեր անուշներն, որպեսզի գոհ ըլլան հյուրերը։ Ես անուշի սիրահարներեն չեմ, բայց կուտեմ երբ հրամցնեն։ Այսուամենայնիվ դող կը բռնե զիս, երբ դգալը ձեռքս առնեմ, որովհետև կանխավ կզգամ, որ գործին մեջեն չպիտի կրնամ ելնել, ասոր համար շատ անգամներ, անուշ ուտելու ախորժակ ունեցած ժամանակս անգամ, ակռայիս կը դպչի ըսելով, կը հրաժարիմ ուտելե։ Ուստի, դարձյալ կը խնդրեմ, այս տարի քիչ մավելի խնամով եփեցե՜ք, որ այցելուք գոհությամբ մեկնին և ուր որ երթան գովեստով խոսին ձեր անուշին վրա։ Կին մը շատ անգամ յուր շինած անուշեն կը դատվի։ Աղեկ անուշեղեն եփող կին մը անպատճառ տան տիկին և կարգապահ կնիկ մ՞է։

Ձեզ տեսնեմ։