Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25—31 հունվար

Զյուն և անձրև։

Հողագործներն ուրախ են։

Ածխավաճառներուն հետ խոսելը դժվար է։

Մայրե՜ր, մայրե՜ր,

Զգուշացեք այս ամսո մեջ մանչ զավկի տեր ըլլալե, որովհետև հունվարի մեջ ծնող մանչը կռվասեր կըլլա։ Աշխատեցե՛ք աղջիկի տեր ըլլալ։ Հունվարի մեջ աշխարհ եկող աղջիկը տնտեսագետ և սակավախոս կըլլա։ Երկուքեն մին ալ ըլլա, դարձյալ կր բավե:


ՓԵՏՐՎԱՐ

1—8 փետրվար

Գիտեք արդեն, որ այս ամսվան մեջ կանայք քիչ կը խոսին։

Հարավը մեկ կողմեն կը փչե, հյուսիսը՝ մյուս կողմեն. երկու կողմերուն մեջ տեղ երերա՛ ու երերա՛։

Լրագիրներն ալ անանկ կը փչեն։

Բժիշկները աղեկ ստակ կը շահին։

Մարդասիրական ընկերության մը գանձապետն ընկերության դրամագլուխը հետը կառնե ու հեռավոր քաղաք մը կերթա՝ օդափոխության համար։

Աստված բժշկություն տա։


9—15 փետրվար

Հողմ և անձրև։

Կամուրջի վրա զգուշացեք հովանոցներեն, որ աչքերնիդ չհանեն։

Առևտրական հրապարակին վրա շարժում կը տեսնվի։

Ապառիկ մի՛ վաճառեք, այլ միշտ աշխատեցեք ապառիկ դնելու։

Ալեկոծություն։


16—22 փետրվար

Անձրևին վերջը չեկավ։

Տեղ տեղ կը ձյունե։

Գինետուները լեփ լեցուն են։ Օղին ածուխեն աժան է։

Կուրծքի տկարություն ունեցողները վառարանին քով կը նստին և Խիկար կը կարդան։ Խիկարի քանի մը թուղթ ընթերցումն միակ դեղ է կուրծքի տկարության դեմ. շնչափողերը կը մաքրե։