Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈԻԼԻՍ

1—4 հուլիս

Տաքությունը սաստիկ է։

Վանքի մը մեջ քանի մը կրոնավորներ պայմանագրություն կը կնքեն՝ սիրով և միաբանությամբ վանքը կողոպտելու համար։

Թերթ մը կը դադրեցնե յուր հրատարակությունը։

Ժողովո մը անդամներուն մեջ երկպառակություն։

Տեսեք սա ցնդած պառավը, հարս կըլլա, երեսուն տարու երիտասարդի մը հետ կը կարգվի։


5—11 հուլիս

Տաքությունը միևնույն է։

Արք և կանայք ծով կերթան լվացվելու։

Երկու օրվան մեջ անգղիերեն սորվեցնող քերականություն մը կը հրատարակվի։

Կանանց դուռնյուռներուն վրա մեյմեկ ծաղիկ կը դրվի։


12—19 հուլիս

Պարզ և տոթ։

Գինովներուն վիճակը ցավալի է։

Մեծ մարդ մը կը պզտիկնա, և պզտիկ մը կը մեծնա։


20—31 հուլիս

Աշխարհիս խաղաղությունը պահելու համար տերություն մը աշխատի։ Ցորենի գինը կիյնա. հացի նկանակներու մեջեն մեյմեկ կտոր ածուխ կելլե։

Ամսույս մեջ ալ ծնիլն աղեկ բան մը չէ, մանչերն կնաթող կըլլան, աղջիկներն թշվառ. ա՛լ խորհեցե՛ք անդամ մը։


ՕԳՈՍՏՈՍ

1—9 օգոստոս

Ջերմությունը քիչ մը նվազեցավ։

Բոլոր աշխարհ ինքզինքը կերուխումի տված է։

Առևտուրն երբ անզգալի կերպով կը բացվին։