Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9—16 սեպտեմբեր

Իրաց վիճակը կը մնա միևնույնը. թեև տիվ և գիշեր կը հավասարին, բայց հասույթը և ծախքը չեն հավասարիր. ծախքը ավելի մեծ է։ Ավելի աղեկ էր, որ տիվը քիչ մը մեծ ըլլար և ծախքը պզտիկ։ Շնիկները այս լեզվեն չեն հասկնար և էրիկներուն գլուխը կուռեցնեն աշնան նորաձևության պատրաստվելու համար։


17—23 սեպտեմբեր

Հարավային հողմը ուժով կը փչե։ Ծովու վրա գտնվողներուն համբերություն մաղթենք, ցամաքի վրա գտնվողներուն ալ վիճակը աղեկ չէ։ Ո՞ւր ապրելու է հապա, երջանիկ ապրելու տեղ մը չգտնվեցավ վերջապես։

Ձուկը հարուստները կուտեն։ Միսը սուղ է։ Աղքատներն ի՞նչ ուտեն։


24—30 սեպտեմբեր

Ամպավար հողմեր։

Սանկ մեկդի կեցե՛ք. քանի մը վաճառականներ կերերան ու կերերան։ Սա թղթաբեր շոգենավուն նայեցե՛ք. քաշված բոլոր փոխանակագիրներն հետ բերեր է։

Դրամական տագնապ։

Հացագործ մը հարուստ կարծված էֆենտիի մը դուռն ափ առած՝ չլսվելիք խոսքեր կընե. տան տերը չլսելու կը զարնե իրեն ուղղված հայհոյությունները։


ՀՈԿՏԵՄԲԵՐ

1—8 հոկտեմբեր

Երբեմն պարզ, երբեմն խառն, երբեմն անձրև, երբեմն փոթորիկ։

Հարսանյաց շաբաթ, կարգվող չկա։

Լրագիր մը մեծատուն մը կը շողոքորթե։

Ընդհանուր հազ. անոնք, որ գյուղ գնացած էին, կը դառնան ձմեռնային բնակությունը. օդափոխությունը շատերուն մազերը ճերմկցուցած է. օդափոխութենե սնանկացողներ ալ պակաս չեն։