Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9—16 հոկտեմբեր

Խառնակ օդ։

Երկրագործը շատ գոհ չերևիր։

Աշնան նորաձևությունը շատ տուներու մեջ կռվո դռներ կը բանա։ Երևելի մարդ մը կը մեռնի։ Ածխավաճառները կը լեցնեն իրենց մթերանոցները։ Աստված խելք տա իրենց։

17—23 հոկտեմբեր

Խառնակ, խառնակ, վերջապես խառնակ։

Սրտի հիվանդություն ունեցողները կը նեղվին. երանի անոնց, որ սիրտ չունին, ազատ են այդ հիվանդութենե։ Լրագրին մեկը երեկվան պաշտածն այսօր կայրե։ Ջերմուկներու վարժված կրոնավոր մը անարժանաբար աթոռի մը վրա բարձրանալու կը պատրաստվի՝ ազգին սանձերը բռնելու համար. Աստված ողորմի։ Հարուստ աղջիկ մը հորը տունեն կը փախչի։


24—31 հոկտեմբեր

Հողմ և անձրև։ Թատրոններու եղանակ, բոլոր օթյակները պարապ են։

Յոթն շաբաթուց վերջերն ենք, հարսնիք չլսվիր բնավ. թրաքոման մեծ հարված տվավ այս տարի թե գեղեցիկ աղջիկներուն և թե՛ տգեղներուն։

Ամսույս մեջ ծնվող մանչերն փառավոր ապագա կը խոստանան, աղջիկներն ալ փայլուն անցյալ մը. ըստ այնմ վարվեցե՛ք։


ՆՈՅԵՄԲԵՐ

1—7 նոյեմբեր

Օդին խառնակությունը շարունակելի է։

Հարուստ կարծված մեկը գիրքերը վիճակահանության կը գնե։

Ածխավաճառները կը սխալին իրենց գուշակությանը մեջ. օդը թեև խառնակ, այլ բարեխառնակ է:

Ծովային ճանապարհորդութենե հրաժարվելու է։ Լրագրի մը մեջ շինծու նամակներ կը հրատարակվին. հավատալու չէ՛։

Աղքատ մարդ մը գինով կ՝ըլլա և փողոցը կը պառկի՝ քթին տակեն մրմռալով, «ես բանաստեղծ եմ»։