Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդյոք բանաստեղծության հուրն սրտիս մեջ մոխիրի տակ ծածկված էր ու Նոտոս ուժգին փչելով արծարծե՞ց զայն։

Տեսարաններ, որք բնավ հրապույր չունեին երբեմն ինձի համար՝ կը հրապուրեն զիս այսօր, կը գրավեն միտքս և կը հափշտակեն, եթե չեմ սխալիր, հոգիս։ Ի՞նչ փոփոխություն է այս։ Քառասուն և չորս շնիկ աստղ տեսած կարասը դեպի Պառնա՜ս գլտորի։

Կը սիրեի ծովն, բայց երբեք անոր եզերաց վրա ժամերով կայեած չէի, որպես ամսույս 12-ին։

Արձանացյալ ծովը կը դիտեի և կը բանաստեղծեի։

Կորուսած էր յուր գեղն, փայլն ու ժպիտն։ (Այսինքն ոչ լուսին կար, ոչ աստղ)։ Կը տապլտկեր անկողնույն մեջ, որուն վերևը սև քող մը ձգված էր։ (Սեպե թե ծովը քարյոլայի վրա պառկեցուցած եմ և քարյոլայի վրան ալ սև խումաշ մը ձգած եմ հասկցնելու համար, թե գիշեր էր. տապլտկիլն ալ ալեկոծության տեղ դրած եմ)։ Յուր կուրծքը կելներ, կիջներ նման հյուծյալ հիվանդի մորուն շունչն մոտ է սպառելու։ (Ելանեն լյառնանան և իջանեն դաշտանանի մեկ տեսակն է։ (Խորին հառաչանքներ, ողբոց աղաղակներ կարձակեր յուր սրտեն և մահիճեն դուրս նետվելու կաշխատեր ասդին անդին զարնվելով։ (Որպես թե հիվանդի մը պես կողբար հուսահատ և կ՛ուզեր քարյոլայեն վար իջնալ)։ Դառն արտոսը կը հեղուր և այդ արտասուքն իսկ էր, որ տող տող շարված կուգար անկողնույն եզերքն ողողելու։ (Ալիքն արցունքի և անոր շարքը տողի նմանցուցած եմ)։

Կը համրեի այդ տողերն և կը հարցնեի ես ինձի, ո՞չ ապաքեն թշվառաց և որբոց արտասվաց հեղեղները ծով կը թափին։ (Երբ տեսա, որ արցունքը շատկեկ եկավ և անբնական եղավ, որբերն և թշվառները մեջ խառնեցի)։ Այդ արտասուքեն չորս հարյուր տող համրեցի, կարդացի, տխրեցա ու մեկնեցա։ (Ըսել ուզած եմ, թե ժամերով սպասեցի հոն, թե ծովը բանաստեղծն էր և թե անոր տխուր տողերը կարդացած էի)։

Բարեբախտաբար ոևէ տպավորություն շատ չապրիր իմ վրա, շուտ մը կը մեռնի։ Հազիվ հեռացա ծովեն, ա՜խ, ըրի, եթե քիչ մը կարմիր ներկ գտնվեր քովս՝ անմիջապես կարմիր կը ներկեի ծովն և երկուքի բաժնելով զայն Քուզկունճուք կանցնեի և հոն կանգնելով կը պոռայի. Anchio son... Mose, գտնել այդ «Երանգն առաքինության»։

Ինչի՞ վերընծայել եթե ոչ հարավային հողմերուն ծովեն ընդունած