Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տխուր տպավորությանս։ Ուրիշ անգամներ ալ կը տեսնեի ծովն հուզյալ և կը հարցնեի անոր․

— Ինչո՞ւ կը կոծիս, ո՛ ծով, բժիշկները սխալ գե՞ղ մը տվին, կամ փոխանակագիրնե՞րդ չընդունվեցան, կամ գավառներեն ազգային տուրք չե՞ս կրնար հավաքել, կամ պարահանդեսի համար տասը տոմսա՞կ տվին քեզի, կամ տղադ դրա՞մ չունի և կարգվի՞լ կուզե, կամ տան ծախուցդ չե՞ս կրնար հաղթել, կամ աժան լասթիք մառիր և երկու օրվան մեջ պատռեցա՞վ, կամ ավրված մեճիտիե՝ մը քշեցին քեզի, ի՞նչ ունիս։

Բայց, այս անգամ, որպես տեսաք, այսպես չեղավ։ Ըսի, թե ծովը կուլար, կողբար։ Ծովը կուլա՞, կողբա՞... խենդություն չէ՞ աս։ Կատարյալ խենդություն է և ճիշտ անոր համար է, որ բանաստեղծություն է, միայն թե հանգավոր խենդություն չէ։ Հարավի բանաստեղծե մ՚ալ հանգ ուզելն ինձ խստապահանջություն կը թվի քիչ մը։ Հանգերու համար դիմեցեք երիտասարդ բանաստեղծ Փանոսյանին, որ այդ մասին ամենեն հարուստն է և որ ամենայն իրավամբ կրնանք ըսել, թե հանգի հանք կը բանեցնե այնքան հաջողակությամբ, մանավանդ յուր ֆրանսերեն քերթվածներու մեջ։ Առաջին կարգի հանք հանգածուխի մոր կաթիլ մը կայծով կարծարծի և կրակ կը կտրի։

Կաթիլ մր կա՜յծ։ Այո՛, կաթիլ մը կայծ։ Եթե պնդես՝ կայծ մը կաթիլ ալ կրնամ ըսել։ Եթե քիչ մալ պնդես կաթիլ մը կրակ ալ ըսելու չեմ վախնար․ բանաստեղծներն մենաշնորհումներ ունին, որոց շնորհիվ ազատ են կարծր մարմինները հեղուկի վերածել և հեղուկ մարմինները կարծրացնել։ Չկարդացի՞ր Արևելքի մեջ Ուխտավորի նամակն, որ կըսեր թե «Կաթիլ մը խղճմտանք եթե ունենանք՝ կարող ենք էջմիածնա խարխուլ շենքն ի հիմանց նորոգել»։ Բանաստեղծ մազատ է, երբ ներդաշնակության վրա է խնդիրը մանավանդ, խղճմտանքը սրվակի մեջ լեցնել և տրամաբանությունը գավաթով խմել։ Նույնպես խղճահար մարդու մը համար կրնա ըսել, «Ահա մարդ մոր սափոր մը լեցուն խղճմտանք ունի». ինչպես նաև անխիղճ մարդու մը համար. «Ասոր խղճմտանքին մեջ ջուր խառնված է»։ Ներդաշնակություն կուզե նաև Սանդուխտի հեղինակն, որ հանձնարարելով մեզ Լույս և ստվերքի ընթերցումն՝ դժգոհություն կը հայտնե միանգամայն այն քերթվածքներեն, որ արվեստակյալ են և այն քերթողներեն, որ օտարի փետուրներով կը զարդարվին։ Շատ իրավունք ունի Աճեմյանի դասընկերն և կսպասենք, որ ուրիշ հոդվածով մը մատնանիշ ընե օտարի փետուրներով