Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որք. խոստովանինք արդար ըլլալու համար, ոչ թե միայն հիշյալ ադրիական տողերուն կը հավասարին այլ շատ անգամ կը գերազանցեն իսկ զանոնք։ Ընդունինք, թե Լույս և Սավերքի հեղինակն հարավի բանաստեղծ չէ, միաբանինք նաև խոստովանելու, թե հյուսիսի ալ չէ։ Յուր գործը, կարելի չէ ուրանալ, ունի կոկիկ և սիրուն էջեր, այսու ամենայնիվ մեծ տպավորություն չըներ, մանավանդ անոնց վրա, որ բանաստեղծեն նոր ստեղծագործություն կսպասեն և ոչ թե հատվածներ, զորս կարծես երբեմն կարդացած ես առանց սակայն կարդացած ըլլալու։ Կերևի թե ականջները շատ վարժվեցան կարգ մը տողերու, որք բանաստեղծության Ֆուրմյուլ դարձած են և զորս հարյուր հիսուն անգամեն ավելի լսած ու կարդացած ենք։ Հոգվո միշտ միևնույն հուզումներ, որ կարտահայտվին տարբեր հանգերով, լճակի մալյակներ, զորս միջակ հողմը կստեղծե հաճախ և որք կը շարժին այն ուղղությամբ, զոր հողմը կուտա իրենց։ Աճեմյան հազիվ ուրեք բարձրանալ կը փորձե անդ՝ ուր հաճախ կը սլանա Սեթյան, երբ աննշմարելի ըլլալու փափագեն առաջնորդված չէ, անդ, ուր թևատարած կը թռի Փանոսյան, երբ հանգապաշտ չէ, անդ, ուր կը ճախրե Տեմիրճիպաշյան, երբ սիրտն հետն առնե և հանգն ու վանկ մեկդի թողու։ Լույս և Ստվերքի հեղինակն ունի նաև էջեր, զորս կրնար չգրել, եթե ուզեր, կամ արձակ գրել, եթե կամենար, և կամ ավելի աղեկ գրել, եթե որոշած էր անպատճառ ոտանավոր գրել։ Ըստ իս, հարկ չկա գրելու անանկ ոտանավորներ, որոց միայն արժանիքն է իրենց ոտանավոր ըլլալը։ Առնենք, օրինակի համար, յուր Դրամ քերթվածը, դրամ, որ չերթար հետ հիսուն ձմրան.

Ավասիկ.


ԴՐԱՄ

Հարկ չէ միշտ լինել խոհուն գիտնական,
Հաճախ նա որ է տգետ աննշան՝
Ակադեմիայի ընտրվի անդամ

Եթե ունի դրամ։

Զարմանալի են օրենք աշխարհի.
Կարծեն թե ճարտար խոսի և խորհի
Նա՝ որ իրոք է ապուշ և անհամ

Եթե ունի դրամ։

Ընկերաթյանց մեջ բազմի վերին բարձ։
Երկնիր մեջ նաև հուստ առնուլ վարձ՝
Երբեմն նա իսկ, որ է անզգամ

Եթե ունի դրամ։