Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդարությունը տարավ հաղթանակը և հայտնվեցավ, թե խեղճ օղին անմեղ էր, և թե զոհ գնացած էր քանի մը գիտուններու, թե ոչ միայն վնասակար, այլ նաև առողջապահական և բժշկական տեսակետներով մեծ օգուտներ ընծայած է մարդկային ընկերության։

Բարիզի գիտական հանդիսի մը մեջ գիտուն մը հայտնած է այս ճշմարտությունը, պաշտպան կանգնելով խեղճ օղիին, որ անոք և անօգնական կը հալածվեր և կը տարածվեր ըստ բանին՝ թե հալածում տարածում։

Ողջ ըլլա այս գիտունն, որ անմեղի մը դատը պաշտպանեց։

Ուշ կամ շուտ արդարությունը կը հայտնվի վերջապես և ամօթահար կը մնան անոնք, որ օղիի դեմ հակակրությամբ գրած են և մանավանդ պատճառ եղած են ոմանց օղի չխմելու և օղիին օգուտներն զրկվելու։

Տարակույս չկա, թե օղի խմողներն ալ օղիի դեմ խոսողներուն ի նպաստ չպիտի խոսին, վասնզի ահիվ և երկյուղիվ կը խմեին, լրագրաց մեջ կարդալով օղիի վնասները վերնագրով այնքան հոդվածներ, որքան որ հայ բժիշկ ունեցած է ազգն անցելույն մեջ և ունի այսօր. որովհետև վկայականն առնող և Բարիզեն մայրաքաղաքս դարձող ամեն բժիշկ օղիի վնասներուն վրա հոդված մը գրած է։ Այս հոդվածները կարդացողները բնականաբար կը վախնային և տասը գավաթի տեղ հինգ կը խմեին, որպես թե քիչ վնասվելու համար, մինչդեռ օղիեն փոխանակ շատ օգտվելու, քիչ կօգտվին եղեր, քիչ խմելով։

Վա՜խ օղի, վա՜խ։

Եվ ի՜նչ զրպարտություններ չստեղծեցին զքեզ հալածելու համար։

Թղթատե՞նք քիչ մը լրագիրները.

Մարդուն մեկը ինքզինքը ատրճանակով սպաններ է։ Կըսվի՝ թե պատճառն օղին է, զոր չափազանց գործածելով խելքը կորուսեր է խեղճ մարդը։

Մեծ վաճառական մը սնանկացավ։ Այս սնանկությունն օղիի կը վերագրեն, վաճառականն շատ օղի կը խմե եղեր և գործին գլուխը չգտնվիր եղեր։

Երեկ գիշեր մեծ հրդեհ մը լափեց... ի թաղը։ Մարդուն մեկը շատ օղի խմեր է և անուշադրությամբ բռնկցուցեր է տունը։ Թաղին մեջ գտնված օղիի շտեմարաններն մեծապես նպաստեցին հրույն ծավալման։