Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեյ մեկ շիշ ալ խմենք, երթանք։

— Կարծես այս գիշեր որքան օղի կը խմեմ կոր նե, այնքան կուժովնամ կոր։

— Ջիղերը կը կազդուրե, էֆենտիմ։

— էհ, կամաց, կամաց երթանք։

— Այո՛, այո, երթանք։

Կը հրավիրենք օղի խմոցներն, որ առիթեն օգուտ քաղելով հանդարտ սրտով օղի խմելու փութան, որովհետև քիչ օրեն այդ հոդվածն ալ կը հերքվի, և թերահավատությունը նորեն կ՝սկսի։


1888

ՆՈՐ ՏԱՐԻ

Ժամացուցները շտկենք։

Կռոնոս, կեսրայր Հերայի, որդի Երկինք, Երկիր և․․․ ընկ. յան, հայր Արամազդ, Պոսիդոն, Պղուտոն և... եղբարց և բարեկամաց և թաղեցվոց, րոպեներով, վայրկյաններով, ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով և դարերով միջատյալ աստվածը, Ժամանակը կըսեմ, այս է տիեզերահռչակ որկրամոլն և հանրածանոթ ժամավաճառն հնչեցուր յուր տարեկան.․․ ժամացույցը (մազ մնաց, որ տարեկան բաժանորդագինը պիտի ըսեի, այնքան վարժված է բերանս)։

Ժամը ճիշտ հազար ութը հարյուր ութսուն և ութն է։

Ճի՞շտ են ձեր ժամացույցները, ո՛ մահկանցուք, որ տարվույն առաջին օրն բերկրության և ցնծության օր կը համարիք։

Ներեցե՛ք, որ չկարծեմ, որովհետև արդի ժամացույցներն աղեկ չեն բանիր, կամ առաջ կերթան կամ ետ կը մնան, այնպես որ մարդըս շատ անգամ չգիտեր, թե քանի տարեկան է։

— Իմ ժամացույցս, կ՝ըսե չափահաս մը, հազար ութը հարյուր ութսուն և ութնին քառորդ կ՝ուզե։

— Իմինս, կը հավելու երիտասարդ մը, հազար ութը հարյուր իննսուն և վեցը քսան անցեր է։

— Իմինս, կը հարե տիկին մը, հազար ութը հարյուր վաթսուն և յոթնին վրա կեցած է։ — Տիկինները ժամացույց լարելու չկրցան վարժվիլ։

— Իմինս, կը պոռա ծեր մը, հազար ութը հարյուր ութսուն և յոթն ու կես է։