Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Օրինակի համար, ըսենք՝ թե Ալեմտաղի շենք մը կը շինվի կոր, այս շենքին համար առնված քերեսթեներն արապայով մինչև Ալեմտաղի տանելու ու արապային շատ ստակ տալու տեղ, քերեսթեները Իճատիե կը բերես, Ալեմտաղիի մեջ շինվելիք շենքը Իճատիե կը շինես։ Ասով Ալեմտաղին քիչ մը ասղին բերած կըլլաս։

— Ատանկ բան կըլլա՞ մի յա։

— Ըսենք թե Պեյլերպեի բաղնիք գացիր — Պեյլերպեի կըսեմ նե անպատճառ Պեյլերպեի ըլլալու չէ յա — բաղնիքին մուսլուխները հավնեցար։

— Հավնելով ի՞նչ կըլլա։

— Ի՞նչ պիտի ըլլա, կը քաշես, կը հանես ու տունիդ բաղնիքին կը գործածես, ասով մուսլուխներն оդափոխություն ըրած կըլլան։

— Թատրոն, այս ըսածդ գողություն է։

— Աստված չընե, գողությո՞ւն մի, բերանդ ժողվե, մեծ առաքինություն է. իրավ է, որ քիչ մը գողության կը նմանի, բայց գողություն չէ, և այնչափ գողություն չէ, որ ասանկ բան մը ընելու ըլլուս նե պաշտպաններ անդամ կունենաս, որոնք քեզի համար առտվնե մինչև իրիկուն կըսեն, թե ինչ բարի մարդ է տե արժեքը չգիտցվիր կոր, ասանկ մարդ մը ազգին մեջ մինչև հիմա եկած չէ, հազարավոր մարդոց բարություն ըրած է, բարի մարդ ըլլալը դեմեն ալ հայտնի է, և այլն և այլն։

— Աղեն ա՜, գոնե բարի ըսվելու համար մենք ալ գողություն ընենք, է՛հ, այդ մուսլուխներեն տահա կա՞ մի։

— Մուսլո՞ւխ թողուց որ... խնդիրք միայն մուսլուխի վրա չէ յա՜, դուն ալ գնա fուրնաները տար։ Բայց տանելուդ հետևյալ օրն ալ բաղնիք երթալու և պոռալ սկսելու ես, էֆենտի, այս քուրնաներն ո՞ւր են, ո՞վ է տարեր, ապերախտներ, ի՞նչ է ըրածնիդ, մարդըս հաց կերած տեղն ասանկ խըյանեթությո՞ւն կ՝ընե մի, ո՜ր թշվառականն, ո՜ր անպիտանն, ո՛ր անխիղճն, ո՛ր ավազակն առեր տարեր է, ձեռք անցունելու ըլլաամ նե քովես վռնտեմ, որ երթա սորվի... գողություն ընել:

— Աս չեմ կրնար ընել:

— Ինչո՞ւ, Խիկա՜ր, քեզմե ավելի պատվավորները կընեն կոր, դուն ինչո՞ւ չպիտի կրնաս եղեր ընել:

— Ինչպես ուրիշները զրպարտեմ։