Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնել, մեր ձեռքը մեր խղճին վրա դնելով, թե մեր պարտականությունն անթերի կատարեցինք։

Երկրորդ անգամ կաղաչեմ, վերուցե՛ք սա խիղճը, քաշեցե՛բ ձեր ձեռքն, որ զիրար հասկնանք։

Ազգային վարժարանները բարեկարգության ճամբուն մեջ կրնայիք դնել և չդրիք։

Դասատվաց ապագան երաշխավորելու միջոցներ կրնայիք ձեռք առնուլ և չառիք։

Երուսաղեմի վանուց կանոնագիրն կարող էիք ազգին շահավոր պայմաններով բարեփոխել և չբարեփոխեցիք։

Ազգային վանքերը լուսո վառարաններու վերածելու համար քիչ մը կրնայիք խորհիլ և չխորհեցանք.

Գավառաց խնդիրներով կրնայիք քիչ մ՝ավելի զբաղիլ և չզբաղեցաք։

Ապագա կաթողիկոսական ընտրության խնդիրն կրնայիք սեղանի վրա դնել և չդրիք և դնելու միտք ալ չունիք։

Կրնայիք դեռ շատ բաներ ընել և չըրիք։

Ինչո՞ւ:

Վասնզի ձեր մեկ ձեռքը ձեր խղճին վրա է և դժբախտաբար աջ ձեռքն է կարծեմ, և մեկ ձեռքով, ան ալ ձախ ձեռքով, ասկից ավելի ձախորդ գործ չտեսնվիր։

Դուք ալ հիմա մեզի հարցուցեր։

— Շատ լավ, մենք ոչինչ կրցանք ընել, դուք անհատաբար ի՞նչ բարիք կրցաք ընել ազգին։

Սանասարյանց 8 վարժարանն ամենայն կանոնավորությամբ կը հարատևե։

Սկյուտարի մեջ Պերպերյան և Մեզպուրյան էֆենտիներ, Միջագյուղի մեջ Գուրգեն էֆենտիի կուրծք տալով ամեն զոհողությանց, ազգին օգտակար անդամներ կընծայեն և կրնան կանգուն պահել հաստատություններ, որոց նմանն կանգնելու համար այնքան դժվարություններ կը քաշե ազգը և կործանելու համար այնքան տրամադրություն ունի։

Դասատուները՝ գիտնալով հանդերձ թե անդունդի մեջ է իրենց ապագան՝ կը շարունակեն այս ջամբել մեր զավակաց։

Ազգային հեղինակներն առանց ամենափոքր քաջալերության կը շարունակեն ազգային գրականությունն ծաղկեցնելու տաժանելի