Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՈԻՐ

Եթե կտավի, երկաթի, խահվեի և շաքարի վրա գործերը դադարած են՝ կրոնի վրա բավական գործեր կըլլան հրապարակի վրա, ապրանքն անմիջապես, կամ երեք ամիսեն հանձնելու պայմանավ

Առածի կարգ անցած ճշմարտաթյուն մէ արդեն, թե մեր ազգն է որ մեծ քանակությամբ կը վաճառե այս ապրանքեն։

Կարծեմ կրոնքն ալ պիտի ըսե օր մը, եթե ըսած չէ տակավին, թե իրավունքը հզորագունին է։ Եվ այն օրն ամենեն ավելի առաջի կարգի ուղղափառ կրոնք պիտի համարվի այն կրոնքն, որ շատ ոսկի ունի։

Զեյթունի հրկիզյալ ազգայնոց հօգուտ հանգանակություններ կըլլան Ամերիկա հայոց մեջ։ Լուսամիտ հայերը բնականաբար վուզեն, որ հանգանակության արդյունքն ի ձեռն հայոց Պատրիարքարանի բաշխվի հրկիզյալ խեղճ ազգայնոց, մինչդեռ բողոքական հայերեն ոմանք կը պնդեն, ընդհակառակն, որ միսիոնարք բաշխեն գալն, որպեսզի դրամն բարի խրատներու մեջ փաթաթելով տան անոնց։

Գրեթե ամեն օր մեյ մեկ պզտիկ ողորմություն կուտամ աղքատաց, առանց անոնց ազգությունն ու կրոնքը գիտնալ ուզելու։

Եվ բնավ մտքես անցուցած չեմ ըսել անոնց.

— Մոշո՜ն, եկուր քեզի քրիստոնյա ընենք։

— Մինաս, դուն ալ սա բողոքականությունը մեկդի դիր։ Աստվածդ սիրես։

— Յորգի, օրթոտոքսությունս ալ բան մը ըլլա պարե։

— Պետրոս, ի՞նչ հասկցար հռովմեական եկեղեցիեն։

Չեմ ըսած, ոչ միայն ուրիշին ներքին համոզման վրա չբռնանալու համար, այլ անոր համար նաև, որ անոթի փորանց տրված հավանությանց կարևորություն չեմ տար։ Անոթությունը դյուրահավան է. դժբախտությունը լավ խրատելու չէ. թշվառության մեջ մարդս պատրաստ է այո ալ ըսել, ոչ ալ ըսել նույնիսկ այո և ոչ միանգամայն ըսել։

Զարմանք չպատճառե ուրեմն ձեզ, եթե զարմանք պատճառե ինձ հայ բողոքականաց այդ ընթացքը, որովհետև կընեն մեզի ինչ որ մենք չենք ըներ ուրիշներու։

Պետք չէ սակայն կարծել, թե միայն միսիոնարները կզբաղին կրոնի տուրևառով, նույնիսկ բողոքական հայ մը բժիշկ եղած է բողոքականություն տարածելու համար։