Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քավ լիցի․․․ ըսե՛ ո՞վ է Նաբուդոդոնոսոր։ Որո՞ւ կինն Էր Շուշան..․ ի՞նչ ըրավ Տոբիթ։

— Չե՞մ հասկնար ատանկ բաներ...

— Ո՜ կրոնական տգիտություն... գոնե Հոբ երանելիին դրացիներուն անունները գիտե՞ս:

— Չիյտեմ, չիյտեմ...

— Եղբայրս, ձեզի բարի խրատ պետք է...

— Տուր ինչ որ պետք է, սա ցավն անցնի ու...

— Գնա՛, քիչ մը նստե սրահը, տիկինը քիչ մը Աստվածաշունչ կարդա քեզի։

Բայց ասանկ տեսարաններ հաճախ կը պատահին այն վայրերն, որ կրոնի վաճառատուն դարձած են. վկա Ծիծաղը։

Օր մը Ղալաթիա բողոքականաց ղբոսարանը մտա քիչ մը հոգնություն առնելու համար։

— Կաթով խահվե մը, ըսի։

— Կաթով խահվե չունինք, պատասխաներ սպասավորն և կաթով խահվեի տեղ Հեսվա գիրքը դրավ առջևս։

Դարձյալ ուրիշ օր մը բարեկամի մը հետ հոն Էի, ուզեցի թեթև ճաշ մ՝ընել։

— Ի՞նչ ունիք նայինք այդ սեղանին վրա։

— Պանիր, հավկիթ, ապուխտ, Սաղմոս և Նոր Կտակարան, պատասխաներ միամտությամբ սպասավորը։

— Ապուխտն, ըսի, ստամոքսիս կը դպչի։

— Իմին ալ խղճմտանքիս կը դպչի, հարեց քովս նստող բողոքական հայ մը։

— Հավկիթն ալ շատ եփած է, ծանր կըլլա, ավելցուց բարեկամս։

— Մինակ պանիրով ալ չըլլար, ըսի։

— Կտոր մը հաց, քիչ մ՝ալ Նոր Կտակարան բերեմ, ըսավ սպասավորը։

Կտոր մը բան չեն կերցներ քեզի, սուրբ դիրքեն առնվազն քանի մը տող առանց կարդացնելու քեզի։ Կերակուրի մեջ ալ կրոնք կը դնեն... նույնիսկ սալաթափ մեջ կրոնք կը խառնեն։ Միտքս դրած եմ, եթե ողջ մնամ, և առայժմ ողջ չմնալու մեծ պատճառ մ՝ալ չունիմ, օր մը պիտի երթամ այդ զբոսարանը և սպասավորը կանչելով պիտի ըսեմ.

— Պարո՛ն. սալաթա մը բեր ինձի, բայց վրան քիչ մը Դավիթ մարգարե անցուր։