Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսնենք ի՞նչ պիտի պատասխանե։

Սպասելով սպասավորին պատասխանին՝ կը մաղթենք, որ մեր բողոքական ազգայիններն իրենց հայտնի ցանկը քակելու տխուր պաշտոնն մեկդի թողուն այլևս, և ժամանակիս պահանջմանց համաձայն ուղղություն մը տան իրենց։ Փափագելի էր, որ մեր ազնիվ պաշտոնակից Բյուրակն ևս երբեմն երբեմն հաճեր յուր կարծիքն հայտնել այդ կրոնի քոմիսիոննիներու մասին։


ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅԱՏԱՌ ԱՐԵԳԱԿԸ

Որպես ծանուցին մայրաքաղաքիս ազգային լրագիրը, Ամերիկայի մեջ ծնանիլ սկսած է, շաբաթը մեկ անգամ, Արեգակ անուն ազգային և քաղաքական թերթ մորուն առաջին ճառագայթներն ընդունելու պատիվն ունեցած ենք նաև մենք։

Իբրև փափագող ազգային մամլո զարգացման՝ ստուգիվ չգիտենք ինչպես հանձնարարել այս թերթը մեր ազգայնոց։ Եթե իբրև քաջալերության արժանի թերթ մը հռչակենք զայն անմիջապես դիտողությունները կսկսին մեր ընթերցողաց կողմե.

— Արեգակն աղեկ ծաղրեր է։

— Իրավունք ունի Խիկար, Արեգակի պես թերթերուն պակասությունը մեծապես նպաստե ազգային մամլո հառաջադիմության:

Իսկ եթէ, քաջալերության անարժան զատենք զայն՝ դիտողությունները նորեն կսկսին.

Խիկար իրավունք չունի թերթ մայնքան խստիվ զատելու։

Վերջապես թերթ մէ, պետք է քաջալերել։

Ճիշտ պարագան է հարցնեյու. ի՞նչպես խաղամ, վարպետ:

Ո՜, խմբագիր Արեգակի, գործ չունեի՞ր դուն, եղբայր, ինչո՞ւ նոր խնդիր կը հարուցանես... չկրցա՞ր հոն ատաղձագործությամբ կամ կոշկակարությամբ զբաղիլ կամ թերթ հրատարակելու մարմաջմանդ դեղ մը գտնել։

Մեր մորուքին խնդալո՞ւ համար հրատարակեցիր այդ թերթը, որ կարծես հրատարակված է 1492-ին, թվական՝ հորում լուսահոգի Քրիստոֆ Քոլոմպոս գտավ Ամերիկան։

Զմեզ ծաղրելո՞ւ նպատակավ թերթիդ անունն Արեգակ դրիր, ավելի հարմար ուրիշ անուն մը չկրցա՞ր գտնալ... Քերականություն չես կարդացեր, եղբայր... Անուն կամ գոյական դաս առած չե՞ս. չե՞ս հիշեր թե անունն իր մը կամ բան մը կը ցուցնե, ինչպես ծառ, տուն, փայտ, Կիրակոս և այլն. ինչո՞ւ այս անուններեն մին չդրիր․