Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չհավնեցա՞ր ասոնց.․. Բարեկամ, քու թերթիդ անունն իր մը կամ բան մը չցուցներ։

Տե՛ս, եթե Մոլորակ դնեիր, հանցանքդ քիչ մը կը թեթևնար։ Իսկ եթե որոշած էիր Արեգակ անունը անպատճառ դնել թերթիդ գլուխր, գեթ Խավարումն արեգական ըսեիր, և այն ատեն ոչ ոք բերանը կը բանար։

Ոչ ինչ կը տեսնվի ձեր թերթին մեջ, որ կարենա համակրություն գրավել։ Կը խնդրեմ սակայն, մի՛ վիրավորվիք։ Խմբագրությունն շատ խղճալի է, ողբալի է, մանավանդ երբ Ամերիկայեն կուգա այն։ Տպագրությունն, թե հոդվածներու և թե պատկերներու, խոր սգո մեջ թողուցին աստ մամլո բարեկամներն և ազգականներն, որք արտասվալից աչոք կ՝աղաչեն և այլն։ Անհասկանալի հառաջաբան մը, մայրաքաղաքիս թերթերե քաղված քանի մը ներքին և ազգային լուրեր հրատարակելու համար հարկ չկար մինչև Ամերիկա երթալ։ Կախյալ կամուրջին պատկերն այնքան գեշ տպված է, որ եթե հոն ըլլայի այդ կախված կամուրջը կը վերցնեի և անոր տեղ տպագրիչդ կը կախեի։ Կաղաչեմ, ըսեք ձեր տպագրիչին, որ քիչ մը ժամանակ դուրս չելնե, որովհետև հոն ալ կրնան գտնվիլ մարդիկ, որ իմ բնավորությունս ունենան։

Գալով հայրենասիրական զգացմանց՝ կըսեմ, թե թերթին մեջ հայրենասիրական զգացումներեն շատ ավելի կը տեսնեմ ծանուցումները։ Չեմ մեղադրեր, ըստ որում ծանուցումներն հայրենասիրական զգացումներեն ավելի շահ կը բերեն այսօր, այլ քաղցր է ինձ գուշակել, թե Արեգակ ավելի ծանուցմանց թերթ ըլլալու նպատակ ունի, քան թե ազգային թերթ։

Վերջապես ամեն ինչ տխուր է Արեգական մեջ, Քաղդեացվոց, Եգիպտացվոց և Պարսկաց ex—աստվածը՝ շատ ինկած վիճակի մեջ է։ Եթե մխիթարական բան մը կա՝ այն ալ սա է, թե թուղթը վարդագույն է, և անոր խմբագիրը կրնա պարծանոք ըսել․

— Եթե թերթիս խմբագրությունն ու տպագրությունն արեգակի չնմանիր, գոնե գույնը կը նմանի ա՛։

Իսկ մենք իբր չեղյալ կը նկատենք Արեգակիե առաջին թիվն և կը փափագինք, որ ապագային մեջ չկրկնվին նմանորինակ թերթեր։ Նույնպես իբր չեղյալ կը համարինը մեր սույն հոդվածը՝ որու մեջ մեր կամքեն անկախ մեր ուրիշ մեկ կամքը ծանր խոսքեր արտասանել տվավ մեզի Արեգակի դեմ։ Ներումն կը խնդրենք այդ ծանր խոսքերուն համար։ Մեր հանցանքը կը ճանաչենք մենք։