Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատճառավ նորին սրբազնության դեմ զինվող լրագիրներեն ոմանք հրապարակավ կը խոստովանին այսօր, թե իրենք ևս կընդունին ոսկերոտյաց փոխադրությունը, ոչ միայն անոր համար, թե մյուս լրագիրներն ևս, վազ կամ անագան, պիտի պաշտեն ինչ որ այրած էին, այլ անոր համար նաև, թե Կրոնական ժողովն ալ վերջապես պիտի զգար յուր առած սխալ քայլն և պիտի երթար ներումն խնդրելու Զմյուռնիո սրբազան առաջնորդեն, որ մայրաքաղաքս հասած օրը շոգենավեն ելեր և ուղղակի Գատը գյուղի սուրբ Թագավոր եկեղեցին գնացեր է աղոթելու։ Ի՞նչ աղոթեր է։ Ո՞վ գիտե։ Բայց հավանականաբար զինքը հալածող կրոնականներու համար աղոթեց և հարկավ քիչ մը շնորհ և քիչ մալ իմաստություն խնդրեց տեղվույն քարոզիչին և անոր ընկերներուն համար։ Անցնինք սակայն այս խնդիրը)։ Բազմաշխատ դասատու մը, մեծապատվի Եղիազար էֆենտի Մուրատյան, հօգուտ յուր դստեր, որ առաջին կարգի դաշնակահար ըլլալու ամեն տրամադրություն ունի, նվագահանդես մը կուտա և կը վնասե։ Քիչ հայեր կերթան ծափահարելու օրիորդ Ասթինե Մուրատյան, և իրավունք ալ ունին չերթալու, որովհետև մենք կուզենք, որ եթե նվագահանդեսի ներկա գտնվինք և կես ոսկի տանք, հետևյալ օրը լրագրաց մեջ մեր անունը հրատարակվի, կամ սապես ըսենք, եթե մեր աջ ձեռքը բարիք մընե, աշխարհիս բոլոր ձախ ձեռքերը տեսնեն զայն։ Սակավք են Սպարդալյանք։ Մինաս էֆենտի Գափամճյան, հանրածանոթ խմբագիրն, ենթակա եղած է հիվանդության մոր թույլ չտար իրեն շարժել թևը. և երբ խմբագրի մը կամ հեղինակի մը թևը չշարժիր՝ հայտնի է թե ի՛նչ կըլլա անոր վիճակը։ Քանի՞ հոգի կօգնե այս մարդուն, արդյոք յուր տառապանաց մեջ մտքեն ի՞նչ կանցունե այս խեղճը. ի՞նչպես ժամանակ կանցունե։ Մայրաքաղաքիս մեջ չկան Սպարդալյանք, որ օգնեն հիվանդ խմբագրին։ Բազմաշխատ դաստիարակ մը դժնդակ հիվանդությամբ մը կը տառապի, կը տանջվի, կը չարչարվի, ոչ թե նվեր այլ յուր ամսականաց վճարումը կը պահանջե թաղականեն։ Թաղականը կը պատասխանե կատարյալ պաղ արյունով. «Սնտուկին մեջ ստակ չկա»։ Անհնարին ցավոց մեջ տանջված միջոցին ի՞նչ կզգա արդյոք երբ այս պատասխանը կընդունի։ Կարելի չէ երևակայել։ Մահը կը հասնի և կը հափշտակե զայն։ Կարելի՞ է ըմբռնել, որ թաղական մը յուր թաղին վախճանյալ դաստիարակին պարտք ունենա։ Սպարդալյան մը չգտնվեցավ, որ խեղճին ամսականներն յուր քսակեն տար և գոնե օգներ այդ մահամերձին հանդարտությամբ փակել յուր աչերը: