Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Գալ շաբթու եկո՛ւր։
Այսօր փոսթայի օր է։
Վաղը եկուր։
Հիմա ժամանա՞կն է։
Քանի մօրեն հանդիպե։
Ձեռքս գործ ունիմ, չէ՞ս տեսնար կոր։
Ամսու գլխուն եկուր։
Այսօր փոսթան պիտի երթա։
Այսօր փոսթան եկավ։
Այսօր փոսթան Տար տանելեն անցավ։
էֆենտին չեկավ այսօր։
Մանրուկ չկա»։

Եվ այս ամենն երկու մեճիտիեի համար։

Այս պարզապես կապացուցանե, թե լրագրի մը բաժնեգինն ոմանց համար ողորմություն մէ, որ կը տրվի աղքատին, հետևաբար ցրվիլն անկիրթ կը համարվի, եթե էֆենտիին բեշերը չը համբուրե. իսկ խմբագիրն ապերախտություն կընե, եթե հրապարակավ յուր երախտագիտական զգացումները չփութա հայտնել էֆենտիին։

Թող Թովմաս աղբարն ուրիշ խմբագիրներե սպասե այդ զգացումներն։ Խիկար անանկ մարդոց համար ապտակ միայն ունի ի փառս և ի պարծանս մամլույն։

Կարգ մը մարդիկ ալ կան, որ թերթ կառնեն, կը կարդան և երբ ընկալագիրը ներկայցվի իրենց՝ կսկսին սուտ խոսիլ ըսելով.

Մենք թերթ առած չունինք։

Դրամատան մը տնօրենն անգամ կը զիջանի տոկոսով սուտ խոսելու։

Երբ հաստատվի, թե ընդունած է թերթը՝ կսկսի պոռալ.

— Ձեղի ո՞վ ըսավ, թե թերթ բերեք մեզի։

— Դուք ըսիք։

— Գալ շաբթու հանդիպե՛։

Կարգ մը մարդիկ ալ կան... բայց ո՞ր կարգի մարդիկ չկան որ... վերջացնենք ուրեմն, մեր շնորհակալությունները հայտնելով այն ազնիվ բաժանորդաց, որոց թիվն հետզհետե կը շատանա և որոց շնորհիվ միայն Խիկար պիտի կրնա յուր զվարթությունը մասամբ պահել, և խնդալով վերոհիշյալ կարգի մարդոց վրա հրապարակավ զվարճանալ։