Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պզտիկ բացառությամբ անոնք կը տանին, որ կարող չեն տանելու, կամ անոնք կը տանին, որ չեն տանիր։

«Զամենայն ո՞ր միանգամ կամիջիք՝ թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպես և դուք արարեք նոցա։

Մարդիկ այն ատեն զիրենք երջանիկ կը համարին, երբ հաջողին ընել այլոց ինչ որ չեն ուզեր, որ այլք ընեն իրենց։

Քրիստոնեության քրիստոնեից հետ այս համառոտ զուգակշիռը շատ ընդարձակ է համոզելու համար մեր ընթերցողներն, թե որչափ հեռացուցած են զմեզ քրիստոնեութենե նախանձն, ատելությունն, փառամոլությունն, ագահությունն, բարուց հառաջադիմությունը — հառաջադիմություն բառն երբեմն ապականություն բառի տեղ կը վարեմ — անձնական շահն, անձնական կիրքը, զորս բառնալու համար ի միջո կաշխատիմ ոգի ի բռին և առաքյալի պաշտոն կը կատարեմ առանց գիտնալու։

Ամենքը կընդունին քրիստոնեության տեսական մասն և կը մերժեն գործնականը։

Անցա՞վ արդյոք քրիստոնեության դարը։

Ո՛չ, երիցս ո՛չ։

Առևտուրները քիչ մը կարգի մտնեն, քրիստոնեությունը նորեն բարձր ի գլուխ պիտի պանծա։ Անոթությունը հաշտ չէ քրիստոնեության հետ։ Այս է ոմանց կարծիքը, զոր բոլոր ուժովս կը մերժեմ իբրև տկար բարոյախոս մը։ Չեմ ընդունիր, որ մարդս աղքատնալուն պես իրավունք ունենա ավազակ ըլլալու — թող որ հարուստներն են ամենեն մեծ գողերն ու ավազակները — չեմ հավանիր, որ մարդ մը դժբախտության մատնվելուն պես ամեն անառակություն գործելու արտոնություն ստանա, չեմ ներեր, որ տնանկությունն իբրև մեղմացուցիչ պարագա նկատվի այն ամեն արարքներու, զորս կը դատապարտե բարձրյալն քառաթևի վրա։ Աղքատը կարող է քրիստոնյա ըլլալ, մանավանդ աղքատն, զոր այնքան սիրեց տերն մեր և որուն խոստացավ երկնից արաքյությունը։ Եվ եթե Աստված մի արասցե, աղքատն ալ չկարենա քրիստոնյա ըլլալ, ո՞վ պիտի ըլլալ ուրեմն քրիստոնյա։ Հարուստնե՞րը։ Բայց Հիսուս չըսա՞վ, թե շատ դժվար է հարուստներուն արքայություն մտնելը։ էսնաֆնե՞րը, բայց անոնք ալ օրն առնվազն հազար սուտ կը խոսին և երկու հազար անգամ կ՝երդնուն։ Ո՞վ պիտի ըլլա ուրեմն քրիստոնյա։ Քրիստոնեության հարմարություն ունեցող մարդ մը չպի՞տի կրնանք գտնել, եղբարք իմ պատվականք։ Հրեի՞ց մեջ փնտրենք․․․