Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ազգային ժողովո պատիվը կը պահանջն եղեր, աղբար, թող տալու է, որ կահավորվի... Ազգային ժողովո պատիվն անոր գորգերեն, աթոռներեն, թիկնաթոռներեն և սեղաններեն կախում ունի, ինչ որ է մաքուր հագուստը մարդուս պատվույն համար, նույնն է կահ կարասիքը Ազգային ժողովո պատվույն համար։

Եվ դու, եթե գործ չունիս, պոռա՛, թե ազգային պատիվն ամենեն հետինն է այդ գումարը պահանջողներուն մեջ։

Ընդունինք, թե Ազգային ժողովո պատիվը կը պահանջն այդ գումարը։ Հանձնաժողով պահանջողն ո՞վ է ուրեմն, զա՞յն ալ ազգային պատիվը կը պահանջե։ Ոչ, ազգային պատիվը կը պահանջե, որ տնտեսական տեսուչն, ի ներկայության տնտեսական խորհրդո անդամոց, հինգ, վեց, յոթն, ութն արվեստավորներ կանչե և նվազուրդի դնե այսքան աթոռ, այնքան թիկնաթոռ, որակելով անոնց նյութերն, և ամենեն աժան գնով հանձն առնողին կահավորել տա Ազգային ժողովո սրահը։ Ո՛չ, ո՛չ, Ազգային ժողովո պատիվը չպահանջեր, պահանջած չէ և բնավ չպիտի պահանջե, որ Ազգային ժողովո ատենապետն և նախորդ վարչության ատենապետն անգամ ընտրվին այն հանձնաժողովույն, որ պաշտոն ունի պատրաստել տալ կարասիներ, որոց վրա երեսփոխանը պիտի նստին։ Ամիրաներն այսչափ չէին խոնարհեր և իրենց մատակարարներուն կը հանձնեին այն պաշտոններ, զորս մենք կը հանձնենք այսօր Ազգային ժողովո և վարչության ատենապետներուն։

Դառնանք մեր բուն նյութին։

Կարծել, թե Սահմանադրությունը բնավ օգտակար չեղավ մեր ազգին՝ մեղանչել է առաջի ճշմարտության։

Նախ և առաջ Սահմանադրությունը մեծ մղում տվավ մեր ազգային թղթավաճառության։ Հաշիվ եղած է, թե մեկու մը երեսփոխան ընտրվելեն մինչև անոր վավերացումը քսան և չորս թերթ թուղթ կ՝սպառի։ Ազգային ժողովո ատենագրությանց տպագրությանց սահմանված գումարը պատվավոր դիրք մ՝ունի մեր ելմտացույցին մեջ։ Ժողովներու, մասնաժողովներու, հանձնաժողովներու ընտրությանց և անոնց ուղղված հրավերներու համար չորս հակ թուղթ կ՝սպառի տարին, եթե անոնց մեջ հրաժարականներ գրողներ գտնվին՝ վեց հակ, իսկ եթե անոնց հրաժարականները չընդունվին՝ տասը հակ։

Երկրորդ՝ մեծապես նպաստեց մեր ժողովուրդը մարմնամարզության վարժեցնելու։ Ինչպես հայտնի է, շատ անգամ մեծամասնության