Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թե որ «ես չեմ խառնվիր» ըսե։

— Դու ալ «ես ալ չեմ խառնվիր» կըսես ու շինելիք խանութդ կես ճամբան կը ձգես։

— Թող կուտա՞ն, որ խանութը կիսկատար մնա։

— Գործավորները չեն բանիր կոր, ստակ կուզեն կոր և այլն, ըսելով կստիպես մարդը, որ հին առնելիքներդ ժողվե։ Այդ առնելիքներն առնելեդ ետքը ըսենք, որ գործավորին մեկը եկավ ստակ ուզելու. գնա՛, աներձագես ա՛ռ, ես ստակ տվող չեմ, առնող եմ, կըսես, աներձագիդ ալ կ՝ապսպրես, որ եկողին ստակ չտա, և ահա ասանկով եկած ստակները քովդ կը մնան։

— Մեղք չէ՞ ատ խեղճերուն։

— Ինչո՞ւ մեղք պիտի ըլլա։

— Ի՞նչ հանցանք ունին որ...

— Հանցանքնին սա Է, որ հարուստ ըլլալ ուզող մեկու մը քովը աշխատելու եկած են։

— Ատիկա իմ խղճիս կը դպչի։

— Դուն ալ ի՞նչ փափուկ խիղճ ունիս եղեր, դուն այդ խիղճով մարդ ըլլալիք չունիս, կամ խիղճդ փոխե՛, կամ նպատակդ։

— Կրնա՞ս ինձի կարծր խիղճ մը գտնալ։

— Կրնամ։

— Ուսկի՞ց։

— Տեղը չեմ կրնար զրուցել, բայց կը գտնամ, գալ շաբթու եկո՛ւր.

— Էֆենտի՛, ի՞նչ պիտի ընենք, մեր վիճակը ո՞ւր պիտի երթա։

— Ես ի՞նչ գիտնամ, ուր պիտի երթա, վիճակը ձերն Է, անոր երթալիք տեղը դուք գիտեք։

— Չորս հինգ ամիսե ի վեր ամենքնիս ալ առանց մեկ ստակի պտըտինք կոր։

— Ցավալի բան։

— Դուք մեզի ըսած էիք, թե աշխատեցեք և ստակ առնելու մասին հոգ մի ընեք, մենք ալ աշխատեցանք, բայց ստակ մը չառինք։

— Լալու բան։

— Էֆենտի, հագուստ չունիմ, որ հագնիմ։

— Էֆենտի. տուն չունիմ, որ նստիմ։

— Էֆենտի, չորս օր Է, որ բերանս բան դրած չունիմ։