Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեծամասնությունն, որ ավելի արծաթասեր է քան ազգասեր, միշտ կը բնակի հոն, ուր նստելու չէ բնավ։

Ընտրողաց անկ է ուրեմն խղճի մտոք ընտրելու ջանալ յուր երեսփոխանները, քվե տալով այնպիսի անձանց, որ բարի, լուրջ, խելացի և ճշմարիտ ճանչցված են. և ասանկ մարդիկ կը գտնվին բարեբախտաբար վաճառականաց, սեղանավորաց, գրագիտաց, իրավագիտաց և բժշկաց մեջ։ Այսպիսի անձանց ընտրությամբն է միայն, որ ազգին կենսական շահերը կրնան պաշտպանվիլ ազգային ժողովո մեջ։


ԱՄԵՆԱՊԱՏԻ՞Վ, ԹԵ ԳԵՐԱՊԱՏԻՎ

Ամենուս հայտնի է, թե մայրաքաղաքիս մեջ երկու կուսակցություններ կան այժմ, որ չեն կրնար համաձայնիլ իրենց մեջ Զմյուռնիո հրաժարյալ սրբազան առաջնորդին տրվելիք տիտղոսին վրա։

Այն, որ ամենապատիվ է մեկ կուսակցության համար՝ հազիվ գերապատիվ է մյուսույն համար, և գերապատիվ է սա պատճառավ միայն, թե ամենապատիվ է հակառակ կուսակցության համար, և եթե ամենապատիվի կուսակցությունը հավաներ գերապատիվ տիտղոսը տալ, մյուս կուսակցությունն անմիջապես պիտի պնդեր, թե նորին սրբազնոլթյունն ամենապատիվ է։ Անոնք, որ կը զլանան նորին սրբազնության ամենապատիվ տիտղոսը, կը պատկանին այն կուսակցության, որ Մակար կաթողիկոսին բացառիկ տիտղոսը չշնորհած՝ վեհափառ տիտղոսը տվավ Մելքիսեդեկ եպիսկոպոսին, պաշտոնապես շնորհավորեց զայն, պաշտոնապես ամեն այն հայոց կաթողիկոս հռչակեց զայն։ Տե՞ս ատենագրությունները Պատրիարքարանի, Ազգային վարչության, Ազգային ժողովո և էջմիածնա Սինոդին, որ սուրբ Սինոդ կըսվեր այն ատեն։

Իսկ ամենապատիվ տիտղոսը տվող կուսակցությունն այն է, որ ազգեն իբրև Կաթողիկոս ընտրված և շնորհավորված անձը թշնամանելու համար, ծաղրելու համար, հանցանքներ ստեղծելով անոր վրա նետելու մեջ կը տեսնեն նախախնամության մատն, որուն ծայրը ռուբլիներ կը գտնվին։

Առանց քննելու թե պալաժենիան ինչպես կըմբռնենք մենք և ինչպես ձարը, մի միայն կաթողիկոսական վերջին ընտրության ժամանակ կատարված իրողությանց հենլով հարցնենք մենք մեզի.