Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե Մակար էր ազգեն ընտրված Կաթողիկոսը՝ Մելքիսեդեկն ինչո՞ւ շնորհավորեցինք։

Եթե Մելքիսեդեկն էր՝ Մակարն ինչո՞ւ ընդունեցինք։

Եթե Ռուսիո վեհափառ կայսրը վեթո ուներ, ինչո՞ւ բացառիկ Կաթողիկոս ընդունեցինք Մակարը։

Եթե վեթո չուներ՝ ինչո՞ւ Մելքիսեդեկն ընտրվեցավ և Մակլորը բազմեցավ։

Եթե վեհափառ ձարն Մակարն ընդունելեն ետքը զղջար և Վանա Պողոս եպիսկոպոսն ուզեր՝ զա՞յն ալ պիտի ընդունեինք իբրև bis բացառիկ կաթողիկոս։

Բացառիկ բառն կանոնավոր բառ մը կենթադրե, ամեն կանոն ունի յուր բացառությունը, կըսեն։ Հավանինք, թե մենք բացառությանց ազգ ենք, բայց չհարցնե՞նք գոնե, թե ո՞ւր է, ո՞վ է այս բացառիկին կանոնավորը:

Ընդունինք, թե Ազգային ժողովն ի սկզբան սխալ քայլ առավ և հարկադրվեցավ, տեղի տալով հզորագունին կամաց, պաշտոնապես կորսնցունել եկեղեցվո դարավոր իրավանց նվիրականագույնը, զոր կրնար պահպանել սակայն, եթե քիչ մը խոհեմությամբ և մանավանդ ազգասիրությամբ վարվեր։ Չհիշատակենք այն դավերն ու բանսարկություններն, որք ի գործ դրվեցան մեր կողմե ազդին կատարած ընտրությունը ջնջելու համար և հարցնենք միշտ։

Ի՞նչ օգուտ ունինք շարունակ հարվածելե այն անձն, զոր ազգը ներկայացնող ժողովն մինչև այսօր օրինավոր Կաթողիկոս կը ճանաչե բացառիկ Կաթողիկոս ընդունելով Մակարը։

Ի՞նչ կը նշանակե կրկնել երբ առիթը կը ներկայանա, կամ նույնիսկ երբ չներկայանար, թե նախախնամության մատը կար, որ Մակարը կաթողիկոս եղավ։ Ո՞չ ապաքեն այսպիսի անխորհուրդ խոսքերով պատճառ կըլլանք մեր իրավանց կորստյան։

Ի՞նչ պիտի պատասխանենք, երբ Ռուսիո վեհափառ ձարն ըսե մեզ.

«Տեսա՞ք, աղեկ չըրի՞ Մելքիսեդեկը չընդունելով. դուք տղա եք, չեք ճանաչեր ձեր ընտրած անձը, այսուհետև հինգ ընտրելի ցույց տվեք ինձի և անոնցմե մին վավերացնեմ։ Կամ ավելի աղեկ կըլլա, որ ապագային մեջ բնավ չմասնակցիք դուք կաթողիկոսական ընտրության, ես պապա մարդ մը կը գտնեմ կը նստեցնեմ հոն։ Այո՜, այո՜, այսպես ընենք։ Քանի որ իմ ընտրածս կը սիրեր և ընտրության մեջ նախախնամության մատն ալ կը տեսնեք, ըսել է թե չեք դիտեր ինչ կը դործեք»։