Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիվանդությունը դիմակները տվին ինձ, հետևաբար հաշտ աչոք չեմ նայիր դիմակներուն։

Բայց չեմ կրցած ըմբռնել, թե ինչո՞ւ համար դիմակի պետք կզգացվի։ Միթե մարդիկ ամեն օրվան դիմակ չունի՞ն։ Ի՞նչ հարկ կա դիմակի վրա դիմակ անցնելու։ Շռայլություն չէ՞։

Կզգամ, թե դիմակն անհրաժեշտ Է քանի մը պարագաներու մեջ, ինչպես, օրինակի համար, երբ տիկին մերիկ մարդ կերպարանիլ ուզե, կամ ծերն՝ երիտասարդ, բայց, անառակություն, գողություն, անկրթություն, միմոսություն և այլն ընելու համար բարեկենդանի դիմակի բնավ պետք չկա։ Ամեն օր կը տեսնենք գողեր, ավազակներ, քսակահատներ, անբարոյականներ, ստախոսներ, զրպարտիչներ, որք բարեկենդանի դիմակ չունին և ամեն օրվան դիմակով կը գործեն, ինչ որ կը պահանջե իրենց շահը։ Արդարև, ժամանակավ դեմքի մորթերը շատ բարակ էին և քիչ տրամադրություն ունեին հանդգնություններ ընելու, այնպես որ երիտասարդ մը սերն հայտնելու համար աղջկան մը՝ մաղ կանցունե եղեր յուր երեսն և ծունր դրած՝ թոթովելով կըսե եղեր. «Քեզի բան մը պիտի ըսեմ, բայց համարձակություն չունիմ»։ Հետո աղջիկն ալ երեսը մաղ անցունելով կը պատասխանե եղեր. «Ես անանկ բաներ չիյտեմ» և կը փախչի եղեր։ Իսկ այսօր, փա՜ռք քաղաքակրթության, մաղի պետք չկա, ոչ իսկ դիմակի, քծնելու համար օրիորդի մը, պարելու համար մեր ընտրած աղջկան կամ տիկնոջ հետ, մանավանդ պարահանդեսի մեջ։ Ինչո՞ւ երկարենք, մարդիկ զիրար խաբելու համար, մանավանդ զիս խաբելու համար, ամեն օր բարեկենդանի դիմա՞կ կանցունեն իրենց երեսները։ Դեռ երկու օր առաջ ամերիկա ֆստըղթ ըսված պտուղեն գնեցի քիչ մը. հետո մեկ բարեկամիս ցույց տվի հասկնալու համար, թե աժան և աղեկ տեսակեն առա՞ծ եմ։ Բարեկամս Uամերիքա ֆստըղին վրա նայեցավ քիչ մը, հետո հայտնեց ինձ, թե ամերիքա ֆստըղիս պարզապես բամբակի հունտ էր։ Եվ ծախողը բարեկենդանի դիմակ չուներ։

Բացե՜ր ձեր դեմքերը, խեղճ էակներ, իրարմե խպնելու պատճառներ չունինք, ամեն չարություն կարող եք գործել առանց մեղադրվելու: Բարի մարդիկ թող դիմակ անցունեն իրենց դեմքերուն, որովհետև բարիք գործելն ամոթ է այսօր, մարդիկ կը խպնին այսօր սուտ չխոսելու, չշողոքորթելու, չզրպարտելու, դժբախտին օգնելու, անկյալը կանգնելու, իրենց կրոնքն և լեզուն սիրելու,