Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանձնաժողովո պաշտոնն պիտի ըլլա ուրեմն հետազոտել, թե կրթական տեսուչին հավերուն հավերն ինչպես կարտասանեին այդ բառերն, և այս կետեն մեկնելով հանձնաժողովո անդամները հավերեն հավեր, հավերեն հավեր, հավերեն հավեր այցելելով, ետ ետ պիտի երթան մինչև այն դարն՝ ուր հայկական տառերն գտնված չէին տակավին և սակայն մեր նախնիք կը հնչեին։

Տարակույս չկա, թե խիստ ծանր և դժվարին է հանձնաժողովո պաշտոնը, հասնիլ այն հեռավորության ետ ետ երթալով անհնար կը թվի ինձ՝ որ չեմ կրնար տասը քայլ ետ առնել։ Մեր նախնիքներեն եթե մին գոնե ողջ ըլլար՝ քանի մը բառեր կարտասաներ մեզ և դժվարությունը կը վերնար հանձնաժողովո հետ։

Հանձնաժողովո անդամները պարտավոր են այս երկար ճամբորդությունն ընել անպատճառ։ Եթե մինչև կես ճամբան երթան՝ դարձյալ աղավաղյալ հնչմանց պիտի հանդիպին, նույն իսկ ճամբուն երեք քառորդն եթե կտրեն վերստին աղավաղյալ արտասանություն պիտի գտնեն, որովհետև մենք, որ տասն և իններորդ դարու մեջ քանի մը դասատուներով կրնանք աղավաղել, ի՛նչ փաստ ունինք հավատալու, թե անցյալ դարուց մեջ մեր նախնիք աղավաղած չեն։ Ուստի, անհրաժեշտ պետք է սուրբ Մեսրոպն արթնցնել և առաջարկել անոր, որ հաճի յուր տառերուն հնչմանը վրա տեղեկադիր մը պատրաստել և մատուցանել հանձնաժողովո։

Բայց, հանձնաժողովը հանձնառու պիտի ըլլա՞ այս ուղևորության։ Չենք կարծեր։ Նա, որպես կերևի, Ռուսիո հայոց և Տաճկաստանի քանի մը հայաբնակ գավառաց հնչմունքին նախապատվություն տալով՝ ըստ այնմ պիտի խմբագրե յուր տեղեկագիրն և պիտի ըսե մեզ, «Այս է ահա մեր նախնյաց հնչմունքը»։

Այս եղանակավ շատ կը թեթևնա հանձնաժողովո պաշտոնը, պաշտոն չըսվելու չափ կը թեթևնա, միայն թե Լապիշի մեկ կատակերգությունը միտքս կը բերե։ Դղյակի մը մեջ ծառայող սպասավոր մը անզգուշությամբ կոտրած ծանրագին ամանի մը կտորները դղյակեն դուրս հողի տակ կը թաղե, տիրոջմեն ծածկելու համար հանցանքը։ Հնագետ մոր դղյակին շուրջը կը պտըտեր, դիպվածով կը տեսնե այն բեկորները, կը ժողովե զանոնք և կը դառնա դղյակ, ուր հյուր կը գտնվեր։ Դղյակին տիրոջը մի առ մի ցույց կուտա սպասավորին կոտրած ամանի կտորներն ըսելով,

«Ահա գտա Մեծն Աղեքսանդրի խահվեի գավաթին մեկ կտորը.

«Աս ալ Աննիբաղին կաթ խմած բաժակին մեկ կտորն է։