Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո՜, հնչման վրա է խնդիրը։ Ուստի հարկ է ստեղծել հընդեվրոպական հայ նախամարե մոր առանց լեզվաքննական օրինաց բանտ բառն արտասանե մեզի, տեսնենք ինչպես պիտի կրնա արտասանել։ Հայտնի է, թե ի սկզբանե էր աղավաղումն, որ թերևս բարեշրջումն մէ։ Եվ ի՞նչպես կուզենք, որ չաղավաղվի մեր հնչումն, քանի որ մենք ալ աղավաղյալ ենք։ Աղավաղյալ մարդեն ուղիղ հնչում պահանջելն անկարելին խնդրել է։ Աղավաղյալ են ոչ միայն մեր հնչումներն, այլ նաև մեր խոսքերն, ամենայն ինչ աղավաղում է մեր մեջ։ Դառնալով տառադարձության օրինաց՝ որոշած եմ զայն լեզվի և ականջի օրենք նկատել, մինչև որ բանասերք օրինավոր փաստերով և ապացույցներով բարեհաճին համոզել զիս։


ՄԵՐ ՀԱՇԻՎԸ

Մեր բարեկամներեն մին կիմացնե մեզ, թե Ծաղիկ քանի մը տողեր գրած է ի պատասխանի Խիկարի վերջին թերթին մեջ հրատարակված Ծաղիկ և նատրոն հոդվածին¹, որով կազդարարեր հիշյալ հանդեսին վերջ տալ յուր բանագողությանց։ Ծաղիկ, որպես կիմանանք, մեր Թատրոնեն 15—20 հոդվածներ ընդօրինակած ըլլալն ուրանալով խոստովաներ է, թե երեք հոդվածներ միայն արտատպեր է Թատրոնեն առանց նատրոն դնելու այն հոդվածներու ներքև։ Սագայանի թերթը, որպես կը պատմվի մեզ, գրեր է նաև, թե մենք ալ ուրիշներու հոդվածներն իբրև մերինները կը կլլեցնենք եղեր։ Բարեկամաց հետ բավական խնդացինք այս խոսքերուն վրա, հետո քիչ մալ լացինք ազգային մամլույն անկյալ վիճակին վրա։

Ընթերցողք գիտեն արդեն, թե Խիկար կը ձաղկե կանցնի, և պարտավոր չզգար, մանավանդ այն խնդրոց մեջ, հետ վերաբերություն ունի, հերքել գրչակներու կողմեն հերյուրված ստություններն ու զրպարտությունները։ Ուստի, Ծաղիկի սպառնալիքներն իբրև կատակ կընդունինք և իբրև վարդի կոկոն Ծաղիկին այն հատվածներն, զորս ինքն սոսկալի հարվածները կը կարծե Խիկարի համար։

Եվ ի՞նչպես կարելի է պատասխանել այն թերթին, որ կարմիր գույնին վրա գաղափար չունենալը կապացուցանե ըսելով, թե երեք հոդվածներ միայն ընդօրինակած է Թատրոնեն։

Մենք տասն և հինգ, քսան հոդվածներ ըսած էինք՝ նույն իսկ Ծաղիկին քանի մը ընթերցողներեն իմանալով—որովհետև մենք