Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծաղիկ կարդալու երկայնամտությունը չունինք — իսկ այս անգամ Ծաղիկին առաջին վեց ամսյան միայն թղթատելով երեսուն հոդվածներ տեսանք անոր մեջ մեր Թատրոնեն գողցված։ Մեր բարեկամը կը հաստատեն, թե երկրորդին մեջ ավելի են բանագողությունները. վերջին թիվերը տակավին հաշվո մեջ չեն։ Այսպես ուրեմն՝ Ծաղիկ մեկ շրջանին մեջ բազում հոդվածներ առած է մեզմե և Թատրոնի մեջ այլ և այլ սուտ անուններով ծածկված հոդվածագիրներե։

Ցավոք կը գրենք այս տողերն, որ արատ կը բերեն ազգային մամլույն։ Շատ աշխատեցանք չգրելու, կարծեմ ազնվության հակառակ չվարվեցանք երբ իմացուցինք իրենց քանի մանգամներ վերջ տալ այս անվայել ընթացքին, երբ առաջարկեցինք իրենց ծանուցում մընել հայտնելով, թե սխալմամբ Թատրոնի 15—20 հոդվածներն հրատարակված են Ծաղիկի մեջ։ Այսպես վարվեցանք նաև հօգուտ իրենց, որովհետև չէինք ուզեր Ծաղիկին բոլոր ընթերցողաց իմացնել, թե 15 տարի առաջ Թատրոնի մեջ հրատարակված հոդվածները կը կարդային, թե Թատրոնի հոդվածներուն հնգետասանամյա հոբելյանը կը կատարեին Ծաղիկի մեջ. թե տասն և հինգ տարի վերջը պիտի կարդային ինչ որ Խիկարին ընթերցողք կը կարդան այսօր։ Կերևի թե Ծաղիկ մեր այս վարմունքը սխալ մեկներ է։ Որովհետև փոխանակ մեզի շնորհակալություն հայտնելու — եղած է որ Ծաղիկին մեկ թերթին մեջ Թատրոնեն երեք հոդվածներ առնված են, ինչ որ ցույց կուտա, թե նույն օրը Ծաղիկ չպիտի հրատարակվեր եթե Թատրոնի չդիմեին — փոխանակ ձևով մը ներում խնդրելու գոնե յուր ընթերցողներեն, ինքզինքը խաբած է, որպես կ՚ըսեն մեզ, հարաձակելով անվայել լեզվով Խիկարի վրա և երազելով, թե Խիկարը կը վախցնե բարբանջանքեն ու հայհոյություններեն։

Ո՜հ, կարի է առասպելս։

Կը վերջացնենք մեր խոսքը ներումն խնդրելով մեր ընթերցողներն այս հոդվածին համար, որ մեր անծին կը վերաբերի։ Խիկար, որպես ի սկզբանե ցարդ, այսուհետև ալ պիտի զգուշանա անձնական վեճերեն, որոնց ժամանակն անցած է, հետևաբար, չպիտի պատասխանե բնավ զրաբանությանց Ծաղիկին, որքան ալ գրգռիչ ըլլան անոնք։ Այս օրեն սկսելով հետզհետե ցույց պիտի տանք ընթերցողաց այս բանադողություններն, Բանագողությունք Ծաղկի խորագրով։ Այս առթիվ կը հրավիրենք Ծաղիկի ընթերցողներն, որ հաճին մեր գրասենյակը գալ և իրենց աչքերով տեսնել։