Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թեմսիլտե խաթա օլմազ:

— էշ, ըսավ ինձի։

— Հայհոյություն Է։

— Ես էշ չըսի։

— Հապա՞։

— Լաֆոնթենի էշը ըսի։

— Սանկ ըսե... ատ ուրիշ խնդիր... բարեկամ, իրավունք չունիք բողոքելու, դատը կը կորսնցներ։

— Չէ՞ մի որ էշ ըսավ։

— Էշ ըսեր, բայց նմանությամբ ըսեր Է, բուն նպատակը քեզի էշ ըսել չէ, այլ գործը քեզի բացատրելու համար օրինակ մը մեջ բերեր է։

— Մանավանդ թե այդ առակով յուր իրավունքը հայտնեցի և պաշտպանեցի։

— Անանկ ալ ըլլալեն ետքը շնորհակալություն հայտնելու եք իրեն։ Ձեր անմեղությունը հայտնելու համար պատմած է այդ առակը։

— Ինձի կտոր մալ խոտ կերցուց։

— Առակն այնպես պահանջեր է։

— Հակառակորդս ծեր մարդ ըրավ, ան ալ թող էշ ըներ։

— Առակին պահանջումը..․ անանկ հարմարեր է, տղաս... ինչո՞ւ խոսք չես հասկնար։

— Ուրեմն անպատվաբեր չէ՞ ինձ այս խնդրույն մեջ Լաֆոնթենի էշ ըլլալը։

— Բնավ մի՛ տարակուսիր։

Մարդը գոհ կըլլա և ամեն անգամ, որ յուր դատը մեկու մը պատմելու հարկն զգա, կ՝սկսի միամտաբար ըսել. «Մեր խնդիրք շատ կը նմանի Լաֆոնթենի մեկ առակին։ Սեպե թե ես էշ եմ, հակառակորդս ալ ծեր մէ։ Աղվոր մարգագետին մը ձգեց զիս, ուզածիս պես արածեցա, նստեցա, ելա, գլտորեցա, պառկեցա։ Մարգագետինին տերը երևալուն պես՝ տերս «փախչինք» ըսավ, — Ինչո՞ւ պիտի փախչինք, ըսի, դուն գնա, չէ՞ մի որ էշ եմ, ով որ ալ ըլլա տերս, վրաս բեռ պիտի բեռցնե։ Ինտո՞ր է իշուն պատասխանը, խելարի պատասխան չէ՞։ Չերթար ա՛, ինչո՞ւ երթա։

Գրագիտական այս ձևերն՝ որքան ալ զորավոր փաստեր ունենան՝ քաղաքավարական օրինաց հակառակ կը թվին ինձ, մանավանդ՝ երբ անխտիր գործածվին ամենուն համար։ Այդ ձևերը վարելու է այնպիսի անձանց համար, որ իրոք ծույլ, տգետ, անձնապաստան