Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպասավաճառի խիղճ, դիվանագետի խիղճ, կուսակրոնության խիղճ, կազմարարի խիղճ, հացագործի խիղճ, լումայափոխի խիղճ և այլ արհեստական խիղճեր, և գիտե՞ք, քանի դժվար է խիղճերու հաշտություն գոյացնել իրարմե տարբեր տարբերե կազմված այս խիղճերուն մեջ։ Օրինակի համար, եթե դասատու մը, բժիշկ մը, խմբագիր մը, գրագետ մը, փաստաբան մը, — որովհետև իրենց արվեստին բերմամբ մեր մեջ ասոնք լավ կուսումնասիրեն ազգային կյանքը, թե և ասոնք ալ իրարմե կը տարբերին կարծիքով ու սկզբունքով — առաջարկն, թե գերապատիվ Ք․.. եպիսկոպոս, եթե տաճկերեն գիտնար, հարմարագույն էր պատրիարքական աթոռին՝ կերպասավաճառի խիղճը կը հակառակի, որովհետև շատ պարզ կը հագվի այդ եկեղեցականը, և կերպաս վաճառող մը չկրնար գաղափար կազմել այն անձանց վրա, որ չեն բարեհաճիր կերպասյա զգեստներ հագնիլ։ Եթե գերապատիվ Ք. Ք.․. եպիսկոպոս առաջարկվի՝ պատկերահանի խիղճը գլուխ կը վերցնե, ազգը պիտի կործաներ, կը պոռա, նստեցնելով աթոռին վրա անանկ նիհար մարդ մը, որ չկրնար լեցնել աթոռը։ Չեմ լուսանկարեր ես այդ մարդն աթոռի վրա բազմած, քիչ մ՝ալ վայելչություն պետք է, մարդ մը վայլելու է, հարմարելու է այն աթոռին, որու վրա կը նստի, այս մարդը կը կորսվի աթոռին մեջ։ Եվ լուսանկարիչին խիղճը հանդարտ է։ Իսկ եթե Ք. Ք. Ք... արքեպիսկոպոսն ներկայացվի, ահա, կըսեն, մարդն՝ որ կը հարմարի այս աթոռույն — գլխավորաբար մարմնով, անշուշտ — բայց այս մարդը միշտ աթոռին վրա նստա՞ծ պիտի գործե, աթոռի վրա բազմա՞ծ այցելություններ պիտի ընե, եթե, աստված մի արասցե, ոտքի ելնե՝ ի՞նչ պիտի ընենք այն ատեն. «Նստե՛, սրբազան հայր, նստե՛» պիտի ըսենք, որպեսզի լուսանկարիչի մը խիղճը հանդարտի։ Մարմնո մը ծավալն որքան մեծ ըլլա, բնականաբար նույն քան մեծ տեղ մը կը գրավե աթոռի մը վրա, բայց աթոռը պատմություն չէ։ Կարծեմ այս կետերն ալ մեծ ծավալ մունին և արժանի են ուշադրության։ Հարկ չկա մի ըստ միոջե արձանագրել հոս այն եպիսկոպոսաց անուններն, որ իբրև պատրիարքցու կը հիշվին երեսփոխանաց մեջ, բայց պզտիկ գաղափար մը տալու համար ժողովրդյան, կը փութանք հայտնել, թե եթե ամեն երեսփոխան հրավիրվեր յուր ուզած Պատրիարքցուն լրագրաց միջոցավ փնտրել հետևյալ ծանուցումները պիտի կարդայինք.

Կը փնտրվի պատրիարքցու մոր լարախաղացության հմուտ ըլլա։