Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զիս։ Այս պատվական անձը, հաստատամտության կենդանի օրինակ, թանձրացյալ հաստատամտություն, անզգալի կըներ իմ փոփոխամտությունս։ Շատ անգամ կը փաստաբաներ իմ փոփոխամտությունս, քննելով անոր ծնունդ տվող պատճառները կը դատապարտեր կամ զիս կամ փոփոխամտությունս. երբեմն ալ մեր երկուքը մեկտեղ։ Կընդուներ, թե մեր ազգին գրական ասպարիզին վրա հուսո աստղ փայլած չէր բնավ, այսուամենայնիվ կը պատվիրեր կարևորություն չտալ հուսո, առանց հուսո ապրիլ և եթե կարելի է, նույնիսկ առանց հացի։ Սկզբունքով ապրեցեք, կըսեր, և կը խրատեր զիս, որ առանց սկզբունքի չմեռնիմ։ Այս էր, կըսեր, մարդու պես ապրիլ։ Յուր խոսքերը քաղցր տպավորություն մը կը թողուին սրտիս մեջ, զվարթ կը մեկնեի յուր քովեն, բայց քանի մը վայրկենե ետքը նորեն կստիպվեի իրեն դիմել — որովհետև բարկությունը կամ մելամաղձոտությունը կամ հուսահատությունը տենդի պես ամեն օր, կամ երկու օրը, կամ երեք օրը մեկ անգամ չէր գար, այլ մեկ ժամվան մեջ քանի մը անգամ, երբեմն ալ երեքը մեկեն կուգային — նորեն կսկսեր յուր հորդորներուն, որոնց ունկն կը դնեի։ Ա՜հ, կսեի, եթե հարուստ ըլլայի՝ գոհացուցիչ թոշակ մը կը կարգեի իրեն և ազգային վարժարանաց մեջ կը պտրտցնեի զինքն իբրև կենդանի պատկեր հաստատամտության՝ որուն շնորհիվ կը հարատևե Խիկար: Ա՛րդ, քանի կա ու կը մնա Սուրենյան, Խիկարի հարատևությունն ապահովյալ ու երաշխավորյալ է։ Քիչ մը ծռեցե՛ք ուրեմն, ո ընթերցողք և ընթերցողանույշք Խիկարի և շնորհակալություն հայտնեցեք իրեն: Եվ երբ այդ համակրելի և տաղանդավոր փաստաբանին հանդիպիք՝ հարգեցեք զինքն ըսելով. «Հաստատամտության աստվածն է, որ կանցնի»։ Իսկ ես կաղոթեմ առ բարձրյալն Աստված, որ Սուրենյան էֆենտին ինքն ևս քիչ մօգտվի յուր հաստատամտութենեն։

Երկրորդ այն մեծապատիվ բաժանորդաց, որ սովորություն ունին իրենց ընդունած թերթերն մեզ դարձունել երբ բաժանորդագին պահանջվի իրենցմե, ինչպես նաև այն բաժանորդաց՝ որ շրջանի մամբողջ թերթերն ստանալեն ետքն ալ պատշաճ չեն դատեր բաժանորդագին հատուցանել։ Կը կրկնենք մեր շնորհակալություններն նաև այն գավառաց, ուր երկու հազար տուն հայ կը գտնվի և մեկ օրինակ Խիկար հարյուր հիսունեն ավելի ընթերցող ունի, որովհետև այս կարգի բաժանորդներն են, որ իրենց տված օրինակներով ստիպեցին զմեզ թերթ չղրկել մեզ անծանոթ անձանց, որ աստ կամ ի գավառս, ասոնք ուսուցին մեզ, թե ձրի