Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընթերցասիրությունը լրագրության ցեցն է։ Ասոնցմե վնասվելու երկյուղ չունինք այլևս։

Գալով այն առաջարկությանց, որ բազմաթիվ ազգայիններե կուղղվին մեզ Խիկարն ամիսն երկու անգամ հրատարակելու մասին, կը պատասխանենք, թե հառաջիկա շրջանին համար անհնար է մեզ ընդունիլ այդ առաջարկությունները. թերևս վեցերորդ շրջանի մեջ, եթե Խիկարի ընթերցողաց թիվն ստվարանա, կարենանք գոհացում տալ մեր ազգայնոց սույն փափագանաց։

Խիկար հինգերորդ շրջանի համար թեև նոր ծրագիր չունի, բայց պիտի աշխատի գոհ ընել յուր հաճախորդները թե ապրանաց մաքրությամբ և թե գիներու համեստությամբ։


ԾՈՎՈՒ ԼՈԳԱՐԱՆՆԵՐ

Ծովու լոգարաններ. — Կրթական խնդիր. — Քոնյակ. — Դավիթ մարգարե. — Գայթակղություն. — Ղենջակ Երեսփոխան մը Աստղիկ. — Միացյալ ընկերություն. — Ազգային բարերարներ. — Տեքոյթե. — Սողոն. — Անակրեոն. — Պչրանք. — Ծովն վնասակար ազգային տեսակետով։ —

Ծովն է օրվան դյուցազնուհին։

Կանանց համար ծովը ծովային պարահանդես մէ, ուստի, բնական է, որ գեղեցիկ սեռն այս ամիսներուն մեջ ծովու վրա խոսի, փառաբանե անոր գեղեցկությունն և երթա վայելել անոր շնորհքները։

Եվ որովհետև ականջ ունիմ և կը լսեմ, կրնամ հաղորդել ձեզ այն խոսակցություններն, որ տեղի կունեն ան այլ և այլ տուներու մեջ, ծովուն օգուտներուն վրա։

— Օրիորդ, ծով կը մտնա՞ք կոր։

— Այո՛, բայց գլխու ցավ կուտա կոր ինձի,

— Առջի բերան անանկ կըլլա։

— Տիկին, ծով կերթա՞ք կոր։

— Այո՛, բայց ինձի պնդություն պատճառեց։

— Աղեկ ա՛, կօգտվիս կոր, ըսել է։

— Օրիո՛րդ, ծովու բաղնիք կ՝երթա՞ք կոր։

— Այո՛, ինձի լուծում կուտա կոր։

— Ձմեռը պիտի տեսնես այդ լուծման օգուտները։

— Տիկի՛ն, ծովը ի՞նչպես կուգա կոր ձեզի։

— Ելլելես վերջը կը դողամ կոր։

— Շատ աղեկ է դողալը, շատ պիտի գիրնաս։