Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուք քանի՞ անգամ կը մտնեք կոր։

— Մեկ անգամ, բայց ախորժակս գոցվեցավ։

— Ծովը անանկ կընե, բայց վերջը անանկ մը կսկսիս ուտել որ․․․

— Աղջի՛կ, ծովու մեջ կը լվացվի՞ս կոր։

— Այո՛, բայց կուրծքս սղմվեցավ կարծես... շնչառությունս դժվարացավ։

— Ամենուն ալ անանկ կըլլա, բայց վերջը անանկ չմնար։

— Խեղճ աղջիկ... Աստղիկը...

— Ի՞նչ եղեր է։

— Ծով մտեր է ու մարելիք եկեր է վրան, հիվանդ է հիմա։

— Առջի բերան ամենուն ալ մարելիք չի՞ գար։

— Ամեն անգամուն կը մարի եղեր։

— Թող չմտներ։

— Աղջիկ է վերջապես... չմտնալ կ՝ըլլա՞։

— Թո՛ղ ղենջակն առնե ու բաղնիք երթա, բայց ծով չմտնե։

Սույն խոսակցությունները շատ հստակ են բացատրելու համար, թե կանայք ոմանք առողջապահական նպատակավ չէ, որ խումբ ծովու լողարանները կը դիմեն, որպես Միացյալ ընկերությանց նպաստելու փափագով չէ, որ պարահանես կերթան՝ այլ միմիայն բանաստեղծական տեսակետով։ Եվ այս տեսակետով շատ բան կորուսած է ազգը։

Հաստատված ճշմարտություն մ՝է, թե պարելու և ծով մտնելու եղանակներու մեջ շատ աթոռներու վրա մարդ չտեսնվիր Ազգային ժողովո մեջ։ Եվ այսօր իսկ միտքերը Պատրիարքական աթոռույն հարմար կղերական մը փնտրելու տեղ ծովեզերյա զբոսարան մը գտնելու կը պարապին։ Ի՞նչ կը հուսաս, կըսեն, տեսնել Պատրիարքե մը, մինչդեռ ծովեզերքի մը վրա կառուցված զբոսարանե մը կրնաս դիտել զվարթ և չքնաղ կույսեր, որք քնքուշ մատներով գլանաձև ծալլված և նուրբ փոկով մը սխմված սփածանելիներ բռնած՝ նազելաքայլ կուղղվին դեպի Պոսիդոնի տերությունը։ Լավ է ուրեմն բազմիլ ծովեզերյա զբոսարանի մը մեջ աթոռի մը վրա, քան երեսփոխանական աթոռի վրա։ Եվ ահա խորհրդարանական կյանքն է, որ տեղի կուտա բանաստեղծականին։ Մեր մեջ ամեն օր կամ Անակրեոնն է, որ Սողոնի մորուքեն կը քաշե,