Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե ի՞նչ է պատճառ այս տողերուն։

Մասնավոր գործի մը համար երկու օր առաջ ստիպվեցա գյուղ մը գտնվիլ։ Առավոտ էր։ Մտա զբոսարան մը — բայց ոչ ծովեզերյա — խահվե մը խմելու համար։ Երկու անձեր, որոց մին չափահաս և մյուսն երիտասարդ, ջերմ վիճաբանության բռնված դեպի նավամատույցը կուգային։ Երբ հասան զբոսարան՝ ուր կը գտնվեի՝ կանգ առին և սկսան ավելի կիրքով խոսիլ, ուստի կը հասկցվի թե ինչո՛ւ կանգ առին։ Ասոնց յուրաքանչյուրն յուր ընտրելվույն թերություններեն առավելություններ կեզրակացներ և ընդդիմաբանին ընտրելվույն առաքինություններեն մոլություննեք կը հետևցներ ըստ, որպես կըսեն, ընկալյալ սովորության։ Երիտասարդը՝ լի աշխույժով և եռանդյամբ կը պատասխաներ չափահասին, թե ճառ մը պատրաստած էր նույն օրը Ազգային ժողովո մեջ կարդալու համար, եթե Պատրիարքական ընտրություն կատարվեր, թե այդ ճառին մեջ պիտի բացատրեր պատրիարքական աթոռույն կարևորությունը, թե ցույց պիտի տար այն մաքուր ձեռքը, որուն պետք էին հանձնվիլ ազգին շահերը։ Չափահասը տղայական կը գտներ երիտասարդին կարծիքները, ինչպես ծերերը երիտասարդական կը գտնեն չափահասներու կարծիքները։ Իսկ ես կը հրճվեի տեսնելով այդ երիտասարդին վրա այնքան կորով, այնքան կրակ ու բոց։ Վիճաբանությունը կը շարունակեին երբ երկու աղջիկներ թև թևի տված և մյուս ձեռքերովն մեյ մեկ զենջակ ժպտալով անցան։

Երթա՜յք բարյավ, ո՛ ազգային շահեր, ո՛ պատրիարքական աթոռ, ո՛ երեսփոխանություն։

— Այս նյութին վրա ուրիշ օր մը կը խոսինք դարձյալ, ըսավ երիտասարդը։

— Ինչո՞ւ։

— Այսչափ կիրքով խոսելու հարկ չկա... ո՛վ կ՝ուզե, թո՛ղ ըլլա Պատրիարք: Այնպես չէ՞։

— Ոչ, աշխատելու ենք, որ արժանավորն ընտրվի։

— Ամենն ալ արժանավոր են, բայց տեսնվինք ուրիշ օր մը: Ներեցե՞ք, եթե ծանր խոսք մըրի։

Բաժնվեցավ չափահասն։ Երիտասարդը զբոսարան մտավ, նստավ, թերթ մը թուղթ ուզեց, առավ և գրեց.

Վսեմաշուք ատենապետ էֆենտի Ազգային ժողովո։

Տկարության պատճառավ ստիպված եմ այսօր բացակա մնալ այս ավուր նիստեն։