Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդունեցեք խորին հարգանացս հավաստիքը

Ստորագրութեան
***

Փակեց նամակն և զբոսարանի սպասավորին հանձնեց, որ հասցնե առ որ ուղղյալ է։

Հետո, բայց սովորական հետոներեն չէ, անմիջապես հետո, կանգնեցավ, զբոսարանեն դուրս նետեց զինքն և սկսավ արագաքայլ երթալ այն ուղին, ուսկից երկու հրեշտակներ օդը ճեղքելով աներևութացած էին։

Ասանկ փափուկ պարագայի մը մեջ ի՞նչ էր իմ պարտականությունս, եթե ոչ հետևիլ երիտասարդին քայլելուն, այսինքն իբրև Մենտոր — թեև Մենտոր մը առջևեն կերթա — Ուստի վճարեցի խահվես և մտա այն ճամբուն մեջ, որ գյուղին ծովու լոգարանները կառաջնորդե։

Բայց ուղեղը դուլ և դադար չունի, միշտ կը գործե հակառակ քու կամաց, ստիպված ես ուրեմն ուղեղիդ հպատակիլ և խորհիլ նույնիսկ քալած ժամանակդ։

Ներեցեք ուրեմն ինձ՝ հաղորդել ձեզ այն խորհրդածություններն, որովք պաշարվեցա դեպի ծովեզր գնացած ժամանակս։

Անիրավություն է կըսեի ես ինձ, պահանջել, որ կանայք ծով չմտնեն մինչև որ պատրիարքական ընտրությունը կատարվի, բայց արդարության դեմ մեղանչե՞լ է, կը հարցնեի ես ինձի, խնդրել պչրող կիներեն, որ քիչ մը զոհողություն ընեն և մահու և կենաց խնդրոց լուծման ժամանակ զգուշանան երիտասարդաց զգացումները խտղտելու հանգամանք ունեցող ոևէ ցույցերեն։ Թող լվացվին ծովու մեջ, բայց ամբողջ գյուղացվող չիմացնեն, թե լվացվելու կերթան։ Փոխանակ զենջակի՝ աղոթագիրք մը բռնեն՝ երբ ծով երթան, նույնիսկ երբ ծով չերթան, մինչդեռ ցավ ի սիրտ տեսած եմ, որպես վերը, պչրուհիներ, որ ղենջակ ի ձեռին ծովու բաղնիք գնացած են և առանց ավազան մտնելու դուրս ելած են դարձյալ ղենջակով, հասարակության զգալ տալու համար, թե ծով մտած են։ Շատերն ալ միևնույն նպատակավ ղենջակ ի ձեռին այցելութեան ըրած են իրենց ազգականաց։ Գիտեք, ո՛ կանայք, թե զենջակն և աղոթագիրքն իրարու բոլորովին ներհակ գաղափարներ արթնցնելու հատուկ զանգակներ են. սա հոգվո գեղեցկության՝ իսկ նա մարմնույն գաղափարին ձայն կուտա։ Կնոջ ձեռաց մեջ ղենջակ մը տգեղ սեռին բարոյականությանը սպառնացող