Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը, բաց կապուտի գույն ու բարակ ժապավեն մը ձգելով իրենը ետևը իբրև. հետք։ Ապա կը տեսնեի երկու փափուկ ափերու մեջ լուսաշող դեմք մը, արեգակն էր, որ ծովն ինկած էր և լվացվեր օրորվելով։

Երիտասարդաց դարձա և.

— Զ՞ով կը կարծեք, որ ըլլա Պատրիարք, հարցուցի։

— Ով կուզե թող ըլլա, ըսավ մին, աչքն անդին դարձնելով։

— Իմին ինչո՞ւս պետք, պատասխաներ մյուսը։

— Միտքս չեմ հոգնեցներ անանկ պարապ բաներու, հարեց ուրիշ մը։

— Երդում ըրած եմ ազգային գործերու մեջ չմտնելու, պոռաց չորրորդը։

— Բայց, կենսական խնդիր մ՛է այս, ըսի, կուզեի ժողովրդյան կարծիքը հասկնալ, հասարակաց կարծիքն որո՞ւն կուտա քվեն։

— Մեզի անանկ բաներ մի հարցներ, որովհետև տեղեկություն չունինք։

— Աս ալ տարօրինակ մարդ մ՛է, ըսավ ոմն ինքնիրեն, ելեր հիմա պատրիարքի վրա կը խոսի, տեր ողորմյա։

Չլսել ձևացուցի և շարունակեցի հարցումներս, չարչարելով զիրենք ի նպաստ իրենց, մինչև որ թատերաբեմը պարպվեցավ։

Թեև մեծապես գոհ եղա տեսնելով Նայատն, որ հայկական համեստությամբ կը լողար գլուխը միայն ջուրեն դուրս հանելով, այսուամենայնիվ ջրո մեջ կնոջ գլուխը ձմերուկ մը չէ։ Սիրո կողմե նետված խայծ մէ, որ կրնա մեծ ձուկերը ցամաքեն ծով քաշել. ուստի, իրավունք ունեի երիտասարդաց մտադրությունը ծովեն հանելու աշխատիլ և դեպի պատրիարքական խնդիր տանիլ: Ճշմարիտ Մենտոր մայսպես կը վարվի, թեև, ավելի ճշմարիտ Մենտորներ անկարելին կը պահանջեն. կը պնդեն, որ կանայք ծովու մեջ պահեն նաև իրենց գլուխը. — Ի՞նչպես օդ առնեն. — Օդատու գործիքով։ Բայց այս Մենտորները խնդրեն կր շեղին։ Թույլ տալ կնոջ, որ հեղուկ և թափանցիկ շղարշի մը մեջ դնե գլուխն, որպես մարմինն, կեղծ համեստության վարժեցնել է զայն, որ արդեն ինքնին թափանցիկ մարմին մէ։ Կինը գրական բացատրությամբ, պայծառ այլաբանություն մէ, որքան ալ անթափանցելի պայատի մը մեջ բնակի: Ուստի, թափանցիկ մը թափանցիկով ծածկել ուզելը հիմարություն է, թող որ դիցագետներու մեջ լուծված չէ տակավին սա խնդիրք թե Աստղիկ, որ ծովու փրփուրներեն ծնունդ առած է, ղենջակո՛վ ծնած է թե ոչ։ Ինչո՞ւ