Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շփոթել խնդիրը։ Կանայք ազատ են իրենց հաճելի եղանակավ լվացվիլ, միայն թե, որպես ըսինք, առիթ չտան մահկանացվաց ծովու մեջ զիրենք շոշափել մտքով, որովհետև.

La scandale du monde est ce qui fais l'offense.

Et ce n’est pas pecher en silence.

Այս խորհուրդներով զբաղած մեր իգական սեռին դատը կը պաշտպանեի, երբ ձայն մեկավ ականջս.

— Հոս է փորձանքը։

— Ա՞ն է։

— Այո։

Երկու աղջիկներ էին ասոնք և ինձի կը նայեին քալելով։

— Ի՞նչպես եղեր է, որ մեր գյուղը եկեր է։

— Ոտքը կոտրեր ու չգար, խարամ ըրավ բաղնիքնիս։ Ես չէի սեպեր, բայց մայրս՝ Խիկարը հոս է, խելոք կեցեք, ըսավ, ես ալ խոսքր չկոտրեցի։

— Լոգարանեն դուրս չկրցինք լողալ որ...

— Երեկ առտու ի՞նչ աղեկ էր... որքան կատակներ ըրինք ջուրի մեջ...

Եվ հեռացան: Ուրիշ տիկիններ և օրիորդներ ևս անցան, ամենքն ալ հակակրության նշաններով։

Կզգա՞ք, որքան մեծ զոհողություններ կը պահանջե պաշտոնս։

Ելա զբոսարանեն՝ հոն թողլով երիտասարդներն, որ անշուշտ երեկոյան ներկայացման պիտի սպասեին։ Միայն երեսփոխանին ներկայացա և ըսի.

— Ժողով չերթա՞նք։

— Անձնական տկարություն ունիմ... նամակ դրած եմ արդեն։

— Մյուսն ալ երեսփոխան է, ա՞ն ալ չպիտի գա։

— Կարծեմ ան ալ ճամբորդության պատճառավ...

— Շատ աղեկ։ Անդիի՞նը։

— Չուզեր կոր ժողով երթալ... շատ ինկած է, կըսե կոր Ազգային ժողովը։

Մեկնեցա և հասա սա եզրակացության. կամ պատրիարքական ընտրությունը երկու ամիս ետ ձգել, կամ Ազգային ժողովը ծովեզերյա վայր մը փոխադրել։